14 օգոստոս, 2019 12:33

Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիրն ու «Էլլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահը

Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիրը, հաշվապահը և նույն ընկերությանը ծառայություն մատուցած Էլլիպս Ջի Էյ ընկերության հաշվապահը․ այս մասին Սիվիլնեթին հայտնեցին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Նշված անձինք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։ 

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Աստղիկ Գաուդյան