15 օգոստոս, 2019 15:46

«Իրավիճակի հետագա սրման փորձ»․ Ադրբեջանը Փաշինյանի հայտարարությունների հարցով նամակներ է հղել

Ադրբեջանին ԱԳՆ-ն նամակներով դիմել է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներին և մյուս բոլոր անդամներին՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ․ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի երեկվա հայտարարությունը:

Օգոստոսի 14-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում արված հայտարարությունը չի ենթադրում Ղարաբաղյան բանակցային գործընթացում փոփոխությունների գնալ։

Աբդուլլաևայի կարծիքով՝ Զոհրաբ Մնացականյանը, հերթական անգամ կրկնելով Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունը, «իրեն անհարմար դրության մեջ է դնում միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ»։ 

«Նման անպատասխանատու հռետորաբանությունը ոչ միայն ամբողջությամբ հակասում է միջազգային իավունքին, միջազգային միջնորդների դիրքորոշմանը, այլև կարող է զրոյացնել հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բոլոր ջանքերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ 

Նա հայտարարել է, որ արտաքին գերատեսչությունը նամակներով դիմել է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներին և մյուս բոլոր անդամներին, որոնցում մանրակրկիտ նկարագրել է իրավիճակի վտանգավորությունը։ Աբդուլլաևայի խոսքով՝ Ադրբեջանը ՀՀ վարչապետի հայտարարությունը դիտարկում է որպես «իրավիճակի հետագա սրման փորձ»։