16 օգոստոս, 2019 10:47

ՍիվիլՆեթն արժանացել է Fritt Ord և ZEIT-Stiftung հիմնադրամների Ազատ մամուլի մրցանակին

ՍիվիլՆեթ մեդիա հարթակն արժանացել է Fritt Ord (Նորվեգիա) և ZEIT-Stiftung (Գերմանիա) երկու հիմնադրամների Ազատ մամուլի մրցանակին․ այս մասին ասված է Fritt Ord-ի կայքում։ Մրցանակի նպատակն է աջակցել այն լրագրողների անկախ գործունեությանը, որոնք շարունակում են խոսել և խնդիրներ բարձրաձայնել՝ չնայած բռնաճնշումներին ու ֆինանսական դժվարություններին։ Մրցանակակիրների թվում են՝ 7x7 ռուսաստանյան առցանց ամսագիրը, The Insider ռուսաստանյան պարբերականը, ադրբեջանցի հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, Novoye Vremya ուկրաինական ամսագիրը։

«Հայաստանյան ՍիվիլՆեթ մեդիա հարթակը կարևոր դերակատարություն է ունեցել անցյալ տարի զանգվածային ցույցերի ընթացքում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս մարդկանց տեղեկացնելով քաղաքացիական և քաղաքական հեղափոխության ընթացքի մասին։ ՍիվիլՆեթը զանգվածային ցույցերը լուսաբանել է շուրջօրյա ուղիղ հեռարձակումներով և այն պարբերականներից մեկն է, որն ուշադիր հետևել է հետագա քաղաքական զարգացումներին։ ՍիվիլՆեթը լուսաբանում է այն թեմաները, որոնք սովորաբար անտեսվում են գլխավոր լրատվամիջոցների կողմից՝ կլիմային ու բնապահպանությանը առնչվող հարցեր, կանանց, փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներ, ստեղծագործական ազատություն և այլ հարցեր, որոնք վերաբերում են երիտասարդ սերնդին։ Նրանք լուսաբանում են նաև հարևան Թուրքիայից՝ չնայած երկու երկրների միջև պետական սահմանը փակ է և չկան դիվանագիտական հարաբերություններ։ ՍիվիլՆեթն իր լուրերը հրապարակում է հայերեն և անգլերեն և աստիճանաբար դարձել է տեղեկատվության հուսալի և կարևոր խողովակ հայ հասարակության, ինչպես նաև ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հայկական համայնքների համար։ Դա մեծացրել է միջազգային ներգրավվածությունը հայաստանյան քաղաքականությունում և հայաստանյան կենսակերպում»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

Ազատ մամուլի մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 2016-ից, անկախ լրագրողներին ու խիզախ մեդիա կազմակերպություններին Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից։ 2019-ի մրցանակը կշնորհվի Fritt Ord և ZEIT-Stiftung երկու հիմնադրամների հովանու ներքո կայանալիք Ազատ մամուլի մրցանակի համաժողովի ընթացքում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը Վիլնյուսում։ Մրցանակը կազմում է 15 հազար եվրո։