17 օգոստոս, 2019 14:39

Խորհրդակցություն՝ երեխաների որդեգրումների վերաբերյալ

Օգոստոսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքից։ 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, հաշվառման, իրավապահ, առողջապահական ասպեկտներին վերաբերող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և մշակել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ, որը կվերլուծի և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել խոհրդակցության մասին՝ նշելով․ «Այս հարցն ուսումնասիրել ենք ամենօրյա ռեժիմով։ Որդեգրման համակարգը բարեփոխելու հարցում մենք անզիջում ենք։ Փոփոխություններն անխուսափելի են, իսկ երեխաների ապագան՝ անգին»։