19 օգոստոս, 2019 21:41

Ամուլսարի հանքը շահագործվելու է աննախադեպ բնապահպանական ստանդարտներով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։ Նախ նա մեջբերումներ արեց իր ելույթներից և պատմեց, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո Ամուլսարի հանքի հարցը դարձավ ամենաքննարկվողը հանրության շրջանում․ «Ես, հասկանալով Ամուլսարի հարցի հույժ կարևորությունը, արել եմ մի բան՝ ինձ ուղղված նամակներն ու դիմումները անձամբ նստել, կարդացել եմ։ 

[...]

Այնտեղ պնդումն այն էր, որ Սևանը ու Ջերմուկը բնապահպանական իմաստով կորցնում ենք։ Ես մտածեցի՝ ինչի՞ հիման վրա պետք է որոշում կայացնեմ, իհարկե, ոչ զգացմունքների։ Ես այդ նամակներում տեսա մեկը և որոշեցի այդ նամակի հիմքով դիմել Քննչական կոմիտե»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քրեական գործ է հարուցվել իր գրության հիման վրա՝ այդ նամակի հիմքով։ 

Փաշինյանի խոսքով՝ հանրային դաշտում առկա բոլոր քննարկումները դարձել են քրեական գործի նյութ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Էլարդ» ընկերությունը ընտրելու հանգամանքին, ասաց, որ հարկատուների հաշվին փորձաքննությանը տրամադրվել է 400 հազար դոլար։ Ընդ որում, Փաշինյանի խոսքով, մրցույթի արդյունքում ընտրել են ոչ թե ցածր գին առաջարկած ընկերությանը, այլ բարձր, քանի որ այն միջազգային «անառարկելի հեղինակություն ուներ»։

Վարչապետը մեջբերումներ անելով եզրակացությունից՝ պնդեց, որ «Ամուլսարի հանքը վտանգ չի պարունակում Սևանի համար»։

Նա հաստատեց Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ կառավարության նիստին արված հայտարարությունը։

«Նշաձողը դրվել է այնպես, որ նույնիսկ մի լիտր աղտոտված ջուր չպետք է արտահոսի դեպի շրջակա միջավայր»,- նշեց գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ այս նպատակով «Էլարդ» ընկերությունը նախատեսել է մեղմման 16 միջոց, որից 10-ն արդեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներդրել է։

Վարչապետը նաև ասաց, որ «Էլարդ» ընկերության փորձաքննության մեջ բազմաթիվ բացասական գնահատականներ կան «Լիդիան Արմենիայի» փաստաթղթերի վերաբերյալ։

«Մենք իրականացնելու ենք մշտական մոնիթորինգ, եթե տեսնենք, որ էդ հանքում Լիդիան ընկերությունը չի պահպանում մեր պայմանը՝ 0 լիտր աղտոտված ջրերի արտահոսքի հետ կապված, մենք օրենսդրության պահանջներն ենք առաջադրելու, եթե չկատարվեց, լրիվ օրինական հիմքով հանքը փակվում է։ Կառավարությունն ունի բոլոր լծակներն այս հարցը լուծելու համար»,- ասաց նա ու հավելեց, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է «աննախադեպ» բնապահպանական սատնդարտներով, որոնք մինչն այս Հայաստանում երբեք չեն կիրառվել։

Փաշինյանի խոսքով՝ այդ պարագայում Հայաստանի կառավարությունը գնալու է մյուս հանքերի մոտ ու ասելու է, որ պետք է «ստանդարտները համապատասխանեցնեն սահմանված նշաձողին»։

Վարչապետի խոսքով՝ այն ընկերությունները, որոնք ավելի ցածր ստանդարտներով են շահագործում իրենց հանքերը, նախընտրում են որոշ գումար ներդնել ու լարվածություն առաջացնել, քան համաձայնվել ու ավելի մեծ գումար ծախսել։


Գևորգ Թոսունյան