19 օգոստոս, 2019 22:02

Ինչպե՞ս վարվել Հայաստանում առկա հարյուրավոր հանքերի ու դրանք շահագործողների հետ

Քանի օր է կարդում եմ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ու կողմ կարծիքները: Կարծիքներ են բախվում, մոտեցումներ են ճշտվում, այսօր էլ հասունացավ ԱԺ-ի առջև ոստիկանների ու ցուցարարների միջև բախումը: Գիտե՞ք, աբստրակցիայի ամենաբարձր մակարդակի վրա բոլորն էլ երևի կհամաձայնեն, որ Հայաստանը պետք է լինի տնտեսապես զորեղ, ներդրումների համար բարենպաստ ու էկոլոգիապես մաքուր երկիր: Բայց ահա տես, որ երբ իջնում ենք աբստակցիայի ավելի ցածր մակարդակներ, ու հարց ենք տալիս թե արդյոք Ամուլսարը պե՞տք է շահագործվի, ու Լիդիանն աշխատի, այդտեղ բախվում են մարդկանց մոտեցումներն ու հույզերը: Այստեղ հասկանում ենք, որ տեխնոկրատական կամ քաղաքական որոշումները չեն աշխատում:

Ավաղ, մենք գրեթե մեկ տարի կորցրինք ու չհասկացանք (գոնե ես անձամբ) թե իրավական, քաղաքական, աշխարհաքաղաքական, էկոլոգիական, ներդրումային ու հեղինակության ինչ ռիսկեր կան այս հարցի առնչությամբ: Մեկ տարի սպասեցինք փորձագիտական կարծիքի ու հիմա էլ՝ #savaamulsar: Իմացության բացը ցավոք հեշթեգերով չի լրացվում: Այն վերլուծական աշխատանք է պահանջում: Վերլուծական աշխատանքը ենթադրում է մատուցել թե այս կամ այն որոշումը կայացնելու պարագայում ո՛ր հետևանքն ու ո՛ւմ համար առաջ կգա: Չեմ կարծում, որ ամենաբարձր գոռացողի կամ ամենաուժեղի դիրքորոշումը պետք է հիմք ընդունվի հարցի լուծման համար:

Օրինակ, թեև ես անձամբ կողմ էի, որ շաբաթներ առաջ ծառահատումները Իջևանում արգելվեին, բայց դրա արտաքին ազդեցությունն այն եղավ, որ մրգի արտահանման ոլորտում զգացվեց մրգի էժան արկղերի չափազանց սուր պակաս: Հետևությունն այն է, որ իմ կամ մեկ ուրիշի առանձնակի կարծիքը կարևոր չէ: Կարևորը իմացության ու վերլուծության հիման վրա հասարակական կոնսենսուս ձևավորելն է` ներկայի իրականության ու ապագայի տեսլականի հաշվառմամբ:

Ֆինանսական կորուստների մասին (պոտենցիալ դատավարությունների հետևանքով) տարբեր թվեր են նետվում ասպարեզ: Դրանք սին թվեր են: Որպես իրավաբան՝ հետևյալն ասեմ միայն: Վարչական հարաբերություններում կա հետևյալ սկզբունքը. վարչարարություն իրականացնողի (պետական մարմնի) որոշումները անձի (Լիդիանի) նկատմամբ պետք է լինեն անկողմնակալ, ոչ խտրական ու ոչ կամակոր:

Հիմա հարց է ծագում. ինչպե՞ս վարվել Հայաստանում առկա հարյուրավոր հանքերի ու դրանք շահագործողների հետ: Ինչպե՞ս լինել անկողմնակալ, ոչ խտրական ու ոչ կամակոր:

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: