19 օգոստոս, 2019 16:37

Ինչ են գրում պատգամավորները Ամուլսարի հանքի շահագործման մասին․ կարծիքներ Ֆեյսբուքից

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան օրակարգի թիվ մեկ հարցը Ամուլսարի հանքի շահագործումն է։ Խորհրդարանականները թեմայի շուրջ տարբեր կարծիքներ ունեն, անգամ՝ նույն խմբակցության ներսում։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորներից մի քանիսի ֆեյսբուքյան գրառումները՝ առանց խմբագրման։

Լիլիթ Մակունց, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

«Սիրելի՛ քաղաքացիներ, 

քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։

1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ տարիներ առաջ, երբ նախորդները հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ էին դիտարկում: Ի հակառակ դրան՝ ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ հանքերի շահագործումը պետք է քայլ առ քայլ նվազի, և մենք մեր տնտեսության զարգացման հենասյուներից ենք դիտարկում նորագույն տեխնոլոգիաները, այլ ոչ թե հանքերը:

2. Ստեղծված իրավիճակը նկատի ունենալով՝ Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն։

3. Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, և մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների և ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների և ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։ Բարդ որոշումներ կայացնելու կարևորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետևանքները՝ կանխատեսելը:

Հ.Գ. վստահ եմ, որ եթե Կառավարությունը կայացնի Ամուլսարը շահագործելու որոշում, ապա այն լինելու է վերը նշված սկզբունքների հիման վրա»:

Ռուբեն Ռուբինյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ ըստ էության մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակեպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան պետք է ստանանք: Գոնե ինձ այս երկու հարցն է անհանգստացնում՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի համար և ինչքանո՞վ է անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք ոչ դրական, ոչ բացասական, այսինքն՝ չեզոք պատասխան չունենք: Կարծում եմ՝ մենք պետք է համաձայնենք այնհարցի շուրջ, որ Ամուլսարի շարագործել-չշահագործելու հարցը կապված է հենց այս հարցի հետ: Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, թույլ կտանք, որ շահագործվի հանքը: Եթե տեսնենք, որ Սևանի կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք».

Նիկոլ Փաշինյան, 15.09.2018

Սա, սիրելի բարեկամներ, կոնկրետ ու հստակ դիրքորոշում է ու կոնկրետ ու հստակ խոստում։

Փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, համաձայն որի ռիսկերը կառավարելի են, և կառավարության հետագա որոշումները, կարծում եմ, պետք է բխեն վարչապետի՝ անցած տարվա սեպտեմբերին արտահայտած դիրքորոշումից ու խոստումից։

Հարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, կորուստների և ձեռքբերումների գնահատման և քաղաքական խոստումների կատարման հիման վրա և ոչ էմոցիաների»։

Գայանե Աբրահամյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Սիրելի ընկերներ,

Ինձ ճանաչողները, իմ լրագրողական գործունեությանը գոնե վերջին 15 տարիներին երբեւէ հետեւած մարդիկ իհարկե գիտեն, որ բնապահպանական, հատկապես հանքարդյունաբերության հետեւանքով ծագած բնապահպանական խնդիրները միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում` սկսած Քաջարանի ահռելի պոչամբարների խնդրից, Ալավերդիի, Սոթքի, Թեղուտի բնության անդառնալի վնասներից մինչեւ Ամուլսարի նոր մետաղական հանքի բացման անընդունելի ծրագիր, որի ՇՄԱԳը դեռ տարիներ առաջ կարդալուց հետո հասկացա, որ Հայաստանում առկա այս ոլորտի օրենսդրական կարգավորումներով, կոռուպցիոն ահռելի ռիսկերով, ոլորտը կարգավորող ինստիտուտների թերզարգացած, վերահսկող ողջ համակարգի գրեթե չգոյության պայմաններում հնարավոր չէ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն։

Այսօր իրավիճակն ավելի բարդ է, ժառանգել ենք մի ծրագիր, որը ոչ միայն բնապահպանական մարտահրավերների առաջ է կանգնեցնում, այլ նաեւ էապես քաղաքական է, միջազգային բազմաթիվ գործընկերների շահերի բախման կիզակետում` ներդրումային միջավայրն ու վարկանիշը վնասելու լուրջ վտանգներով։ 

Բայց այս ամենին ԵՐԲԵՔ չի կարող ՍՏՈՐԱԴԱՍՎԵԼ Հայաստանի ազգային ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ, իսկ բնապահպանական անվտանգությունը, հատկապես ջրային ռեսուրսների թեկուզ հնարավոր նվազագույն վնասը, ազգային անվտանգության առանցքային դրույթ պետք է լինի։ Որեւէ որոշում կայացնելուց առաջ, հետագայում նաեւ որեւէ նոր հանքի թույլտվություն տալուց առաջ նախ պետք է վերափոխենք ոլորտը կարգավորող ողջ իրավական ու գործառնական համակարգը, վերանայենք ընդերքօգտագործման քաղաքականությունը, ռազմավարությունն ու սկզբունքները, նոր միայն ձեռնամուխ լինենք այս հարցերի քննարկմանը։

Մի քանի նախնական դիտարկում.

Այս հարցը երբեք չպետք է դարձնել քաղաքական մանիպուլյացիաների գործիք, դա դարձնողներ ու դրա վրա քաղաքական դիվիդենտներ վաստակողներ անշուշտ կլինեն, սակայն իրապես մտահոգ քաղաքացիները լուծումը կտեսնեն խնդիրների մանրամասն քննարկման, ռիսկերի, այդ թվում նաեւ արբիտրաժում հնարավոր կորուստների վերացման շուրջ մոբիլիզացիայի ճանապարհով, ի վերջո, վստահ եմ, որ կասկած չունեք, որ բոլորիս նպատակը մեր պետական, հանրային գերակա շահի պաշտպանությունն է։


ԷԼԱՐԴի զեկույցը` նշված բոլոր ռիսկերով, մեծ հաշվով նորություն չէր, քանի որ տարիներ առաջ նշված ռիսկերի մասին պարբերաբար միջազգային փորձագետները հնչեցնում էին, բայց կարեւոր է, որ կրկին հստակ շեշտվում է, որ ՇՄԱԳում բազմաթիվ թերացումներ են առկա, հատկապես ջրային ռեսուրսների վրա ազդեցության, ԹԱԴ_երի հետեւանքների ուսումնասիրության մասով։

Զեկույցից ակնհայտ է դառնում, որ 2016-ին դրական եզրակացություն ստացած ՇՄԱԳում կարեւորագույն փորձաքննություններ տեղ չեն գտել, կամ չեն իրականացվել պատշաճ կերպով, որն էլ հենց խիստ կասկածի տակ է դնում քրեական գործի կարճման հնարավոր որոշումը։


Թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) -ի հետեւանքների մասով ուսումնասիրության լուրջ թերացումների խնդիրը ներկայացվում է նաեւ այս զեկույցում, իսկ ԹԱԴ-ը ամբողջ աշխարհում այսօր ամենամեծ բնապահպանական խնդիրներից է, փակված, լքված հանքերում և հանքավայրերում եթե անգամ հնարավոր է լինում բնապահպանական աղետը վերացնել, ապա ահռելի, միլիարդավոր դոլարների ծախսմամբ միայն։


Զեկույցը հստակ շեշտում է նաեւ, որ հետփակման ընթացքի, տեխնիկական սպասարկման եւ մոնիթորինգի վերացման համար Լիդիանը ընդամենը հինգ տարի է նախատեսել, մինչդեռ վնասները հարյուրամյակներ են լինելու, սա նաեւ միջազգային պրակտիկայում առկա խնդիր է, մեծ է ռիսկը, որ հանքի փակումից հետո ջրերի մշակման ծախսը ընկնի Հայաստանի կառավարության վրա: Ըստ միջազգային փորձագետների, միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակները փաստում են, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։ Առկա նախադեպերը հուշում են, որ եթե ՀՀ-ն հետագայում ստանձնի հետեւանքների վերացման բեռը, ընթացիկ ծախսերը հանքի գործունեության դադարեցումից հետո կարող են էապես գերազանցել շահագործման ժամանակ պետության ստացած եկամուտները:


Ամենամեծ մտահոգությունը ջրային ռեսուրսների վրա ազդեցությունն է, որի վերաբերյալ այս զեկույցում հստակ ներկայացված են բազմաթիվ ռիսկեր, սա կենսական հարց է, նորից եմ շեշտում ազգային անվտանգության խնդիր, որի բոլոր վտանգները հնարավորինս բաց, թափանցիկ, առանց հուզականության ու շահարկումների պետք է քննարկենք, նոր միայն որոշում կայացնենք»։

Միքայել Զոլյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Սիրելի ընկերներ։

Երեկվա իմ գրառումից հետո տրամաբանական է, որ ես ներկայացնեմ իմ կարծիքը Ամուլսարի հարցի շուրջ։ Առավել ևս որ արդեն շատերի համար այն գաղտնիք չէ, և ավելի ազնիվ կլինի պարզ ասել ամեն ինչ։ Ես իրավիճակը հասկանում եմ այնպես, որ Էլարդի եզրակացությունը եթե ոչ ամբողջապես բացասական է, ապա առվնազն ավելի շուտ բացասկան է, քան դրական։ Այսինքն, այդ եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։ Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և բաց եմ ցանկացած փաստարկների և նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է։ 

Ամեն դեպքում, պետք է շարունակել ուսումնասիրել խնդիրը, լսել փաստարկներ բոլոր կողմերից, քննարկել հնարավոր ելքերը և հետևանքները։ Այդ գործընթացը պետք է հնարավորինս բաց և հասկանալի լինի հանրության համար։ Համոզված եմ, որ անկեղծ ու կառուցողական քննարկումների արդյունքում ի վերջո կգտնենք ամենաօպտիմալ լուծումը։ Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս՝ անկախ նրանից հանքին դեմ ենք թե կողմ, մտածում ենք Հայաստանի բարօրության մասին»։

Էդգար Առաքելյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«2 շատ արագ հարց ՔՊ վարչության այն հարգարժան ընկերներին, ովքեր պնդում են, որ Լիդիանի առաջ կանաչ լույս վառելով` իշխանությունն ընդամենը իր իսկ հայտարարության տրամաբանությունն է ի կատար ածում (վարչապետի 2018թ. սեպտեմբերի 15-ի խոսքի ուղիղ մեջբերումը` նկարում):

1) Արդյոք կազմակերպությունը, որն ընտրվել էր նախորդ տարվա աշնանը, համապատասխանում է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանամանը, էլ չենք խոսում նրա մասին, թե արդյոք այն միջազգային է, թե պարզապես օտարերկրյա:

2) Արդյոք դուք բոլորդ կարդացել եք այդ եզրակացությունը (այլ ոչ թե հիմնվել այլոց` հիմնականում չկարդացածների պնդումների վրա) և համոզվել, որ «Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար» հանքի շահագործումն անվտանգ է:

Եվ մեկ բոնուսային հարց, որը երկրորդի լրացումն է: Դուք ասում եք, որ մենք մասնագետ չենք, հետևաբար հիմնվում ենք Քննչական կոմիտեի այն որոշման վրա, որ ««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական գործ հարուցելու հիմքեր չկան», հետևաբար եթե այդ հիմքերը չկան, ապա այդտեղից բխում է, որ հանքի շահագործումը անվտանգ է, վտանգներն էլ` կառավարելի (մի փոքր պարզեցված եմ ներկայացնում):

Նույնիսկ այս պահին չեմ ուզում քննարկել` արդյոք քննիչը կամ քննիչների խումբը «Էլարդ»-ի եզրակացությունը կարդացել և ճիշտ են հասկացել կամ արդյոք նրանք են այդ «մասնագետները», ում մեկնաբանությանը մենք անվերապահ պետք է վստահենք այս անչափ կարևոր հարցում քաղաքական որոշում կայացնելիս: Հարցն այստեղ լրիվ այլ է. արդյո՞ք այն փաստը, որ «Լիդիան»-ի գործողություններում հանցակազմ չկա, ավտոմատ նշանակում է, որ հանքը կարելի է շահագործել և հագիստ լինել հետևանքների համար:

Նույն տրամաբանությամբ մի՞թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, որի օրինակը վերջին օրերին հաճախ են սիրում բերել մեր որոշ գործընկերներ, քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցանք է գործում` այսքան տասնամյակ շահագործելով հանքը և մի՞թե հանցանք չգործելով պակաս ավերածություններ է գործում կամ վնաս հասցնում շրջակա միջավայրին:

Առայժմ այսքանը»։

Արուսյակ Ջուլհակյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Իրականում հարցը փիլիսոփայական է: Մենք, որպես պետություն ու հասարակություն, պետք է քննարկենք եւ հասկանանք` ընդհանրապես սկզբունքորեն դե՞մ ենք հանքարդյունաբերությանը, թե՞ ոչ: Եթե դեմ ենք, ապա ի՞նչ ուղի ենք տեսնում աշխարհի` զարգացած տնտեսություն ունեցող երկիր/ հզոր պետություն դառնալու: Իսկ եթե չենք բացառում հանքերի գոյությունը , ապա ինչ քաղաքականություն ենք որդեգրում դրանց շահագործման հարցում: Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է հանգամանալից քննարկենք և այդ հարցերին տանք անկեղծ պատասխաններ:

Իսկ նախքան քաղաքական թիմի ներսում էս հարցերը հնարավորինս ռացիոնալ, մանրակրկիտ, թեկուզ առանց քնելու, մի սենյակում փակված օրուգիշեր քննարկելը ու մի արդյունքի հասնելը (կամ թեկուզ չհասնելը, բայց երկխոսելու բոլոր հնարավորությունները սպառելը) էմոցիոնալ պոռթկումներին տուրք տալն ու, ստատուսներ գրելով, հերոսանալը ազնիվ և թիմային չեմ համարում, իմ շատ սիրելի ընկեր-գործընկերներ: Պուպուշ լինելն ամենահեշտ բանն է, իսկ պատասխանատվություն ստանձնելն` ամենադժվար: Իսկ աշխարհը` երբեմն իրապես ցուրԴ և խաբուսիԳ:) Դուք դա ինձնից լավ գիտեք: Ամենայն սիրով և հարգանքով»։

Տաթև Հայրապետյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Քաղաքականությունը բարդ իրավիճակներում առանց ավելորդ զգացմունքայնության ու փաստարկված որոշումներ ընդունելու ունակությունն է։ Ցանկացած հանքի գործարկում ունենում է բացասական որոշակի հետևանքներ։ Հարցն այն է, թե որքանով են դրանք կառավարելի, ներկայիս օրենսդրությունն անգամ թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած շեղման դեպքում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, ավելին՝ հետագա խստացումներ ևս սպասվում են շուտով։ Նման իրավիճակում պետք է անկեղծ լինենք իրար առջև, բաց խոսենք, փաստերով ու նաև ի վիճակի լինենք քաղաքական որոշումների պատասխանատվություն կրել։ Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք, բացի այն, որ ոչ մեկս չենք ուզում նոր հանք բացվի, չկա։ Բայց կան հիմքեր հնարավոր խնդիրների դեպքում արագ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Իմ բազմաթիվ ընկերներ հավանաբար չեն հասկանա ինձ, բայց հավատացեք ցանկացած բարդ որոշումից առաջ մտածում եմ՝ ինչ կասեն իմ ապագա երեխաներն ու թոռները ինձ տարիներ անց, ու ինչպես ես կփաստարկեմ իմ քայլերը։ Դուրս գանք զգացմունքայնության ու մեղադրանք/մուննաթի դաշտից ու անցնենք փաստերի ու դիսկուրսների»։

Մերի Գալստյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 

«Հայաստանում ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի օրենսդրությունը, ենթաօրենսդրական դաշտը և հատկապես՝ ոլորտի կառավարումն ու վերահսկողությունն իրականացնող ինստիտուցիոնալ շրջանակը դեռևս այնքան բարելավվելու տեղ ունեն, որ ցանկացած նոր ընդերքօգտագործման իրավունք, կամ հանքի վերագործարկում, մեծ, շատ մեծ և անդառնալի ռիսկեր են պարունակում: Այս ամենին պետք է գումարել նաև նախկին և ներկայիս գործող հանքերի կողմից խախտումների և շրջակա միջավայրին, ներառյալ մարդու առողջությանը հասցված վնասի իրական պատկերը, որը դեռևս չունենք վերոնշյալ բացերի պատճառով: Մենք այսօր ժառանգել ենք տարիներ շարունակ ոլորտը կարգավորող և որոշումներ կայացնող ինստիտուների թույլ և չկայացած մի համակարգ, թերի և չգիտես ում «հագով կարված» ընդերքի օրենսդրություն, բազմաթիվ ընդերքօգտագործման թույլտվություններ, որոնց շրջանակներում գործող հանքերի կողմից հասցված և հասցվող վնասի իրական ծավալների մասին ճշգրիտ պատկերացում չունենք: Կենսական անհրաժեշտության հարց է մեզ համար հասկանալը, գիտակցելը, որ քանի դեռ մենք չունենք ոլորտի կառավարման ռազմավարություն, դրանից բխող և առավելապես պետության ու քաղաքացու շահերը ներկայացնող ընդերքի օրենսդրություն, հիմնովին բարեփոխված և կայացած ինստիտուտներ, ցանկացած նոր հանքի շահագործում լի է անդառնալի վտանգներով, անկախ բոլոր, բոլոր հանգամանքներից: Այս ոչ հեշտ իրավիճակում պետության առջև դրված լրջագույն ռիսկերից պետք է հասկանալ և հաշվի առնել ամենաառաջնահերթը մեր պետության, մեր քաղաքացու, մեր բնության և մեր առողջության համար, մնացածը երկրորդական են…»։

Արման Աբովյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ կարելի է ասել միայն երկու բան։

1-Փորձաքննությունը պատվիրվել է իրավապահների կողմից միայն մի նպատակով, որպեսզի հասկանալ` արդյոք գոյություն ունեն քրեական հանցագործության հատկանիշներ Ամուլսարի «բնապահպանական պատմության» շուրջ, թե` ոչ։

Եվ տրամաբանական է, որ սույն փաստաթուղթը (եզրակացությունը) չի կարող հանդիսանալ լիարժեք բնապահպանական որակավորման նյութ։

2-Եթե գոյություն ունի ժողովրդի զանգվածային անվստահություն սույն փասթաթղթի բովանդակության շուրջ (և, առհասարակ, ամբողջ պրոյեկտի շուրջ), ապա իշխանավորներին չի մնում այլ ելք, քան պարզապես նստել և ուշադիր լսել քաղաքացիներին, շատ ուշադիր լսել` փորձելով գտնել այն ելքը, որն անվերապահորեն ընդունելի կլինի ժողովրդի համար։

Ի վերջո, սա, պարզապես, բնապահպանական խնդիր չէ, սա ոչ միայն պետական մոտեցումների կամ ապագա տնտեսական տեսլականի հարց է։Սա մեր երեխաների ապագայի հարցն է։ Առանց չափազանցության»:

Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

«Ես չեմ կարծում, թե Ամուլսարը կարող է վերաբացվել նման կասկածելի ճանապարհով ընտրված ընկերության կողմից կասկածելի պայմաններում տրված կասկածելի փորձաքննության արդյունքների հիման վրա»։

Պատրաստեց Սաթեն Հակոբյանը