19 օգոստոս, 2019 22:02

Մեր պետության շահերից է բխում, որ Ամուլսարի հանքը շահագործվի․ Փաշինյան

«Մեկ ժամ և 17 րոպեի ընթացքում ես ձեզ ներկայացրի, որ Ամուլսարի ոսկու հանքը չի վնասում Սևանի և Ջերմուկի ջրերին, ընդհանրապես ջրային ավազանին։ Մեր եզրակացությունը էսպիսին է՝ բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով պետք է աշխատեն»,- իր ուղիղ հեռարձակումը ամփոփելով՝ այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ այս ամենից ելնելով՝ իրենք պետք է առաջնորդվեն մեկ տարի առաջ իր կողմից արված հետևյալ հայտարարությամբ․ «Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի, Ջերմուկի ջրերի և ջրային ավազանի համար, մենք թույլ կտանք։ Եթե պարզվի, որ Սևանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք»։

Վերջում նա դիմեց քաղաքացիներին, որ կառավարությանը հնարավորություն տան զբաղվել խնդրով։ Փաշինյանը հիշեցրեց իր մեկ այլ ելույթից հատված, որ չի հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որը տեղի է ունենում Ամուլսարում։

«Եվ ուրեմն, սիրելի հայրենակիցներ, մեր կառավարության, պետության, ժողովրդի շահերից է, որ մենք՝ լեգիտիմ, մեր կողմից առաջադրված պայմանը և ժողովրդի վստահության քվեն ստացած պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ ինքը Ամուլսարի հաշվով որևէ դաշտում չէ, բացի Հայաստանի հավասարակշռված շահերի պաշտպանությունից։


Գևորգ Թոսունյան