20 օգոստոս, 2019 14:39

Ամուլսար․ ճշմարտության պահը

Ամուլսարը միայն բնապահպանական հարց չէ։ Ես անգամ կարող եմ հավատալ, որ Լիդիանը ավելի պատասխանատու հանքարդյունաբերություն է իրականացնելու, քան այսօր Հայաստանի տարածքը փորող և ընդդեմ Լիդիանի հակաքարոզչություն իրականացնող մյուս բոլոր ընկերությունները միասին։

Հետևաբար, ինչո՞ւ թույլ չտալ Լիդիանին ևս փորելու Հայաստանի ընդերքը, ինչպես փորում ու թանկարժեք մետաղներ են կորզում տասնյակ այլ ընկերություններ։ Այս հոդվածը չէի հեղինակի, եթե Հայաստանում իրականացված չլիներ Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, եթե կեղծված սահմանադրությամբ վարչապետի աթոռին, որպես երկրի ղեկավար, շարունակեր մնալ Սերժ Սարգսյանը։  

Ես մի կողմ եմ դնում բնապահպանական վտանգները։

Ամուլսարի շահագործմանը «այո» ասելը, որ երեկ լսեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանից, իմ ընկալմամբ, նախևառաջ պետության կոնցեպտի ու ապագայի հարց է։ Այն է՝ մենք շարունակո՞ւմ ենք մեր ընդերքի անխնա ու անխիղճ շահագործմամբ յոլա գնալ, թե՞ կառուցում ենք մի պետություն, որը նման չի լինելու Սերժի ու Քոչարյանի ժամանակների Հայաստանին։

Ահա այստեղ է, որ ոտնահարվում է այն կարմիր գիծը, որ քաշել էինք հին ու նոր Հայաստանի միջև 2018-ի ապրիլ-մայիսին։

Եթե Լիդիանին թույլ ենք տալիս, որ փորի Ամուլսարը, ապա ինչո՞ւ չպետք է թույլ տանք այլ ընկերությունների, որ փորեն մեր մյուս սարերը։ Աշխարհում շատ են Լիդիանի նման ընկերությունները, Հայաստանում շատ են Ամուլսարի նման սարերը։ 

Ես հավատում եմ, որ Ամուլսարին ու Լիդիանին «ոչ» ասելով՝ հազար ու մի խնդիրներ էինք ունենալու մեր եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հետ։ Գուցե նաև ֆինանսական հարվածներ կրեինք։ Երկարաժամկետ և հավերժ Հայաստանի շահը, իմ կարծիքով, պահանջում էր «ոչ» ասել Ամուլսարի շահագործմանը և այսուհետ նման ծավալի հանքարդյունաբերություն չիրականացնել, այն էլ՝ Ջերմուկի ու Սևանի հարևանությամբ։

Գուցե դեռ ուշ չէ, բայց վարչապետի երեկվա հայտարարությունից հասկանալի էր, որ կայացվել է քաղաքական վերջնական որոշում։

Երեկ տրորվեց ևս մեկ կարմիր գիծ, որ իրարից բաժանում էր հին ու նոր Հայաստանը։ 2018թ. հեղափոխությունից ի վեր առաջին անգամ հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ տեղի ունեցան։ Ճիշտ է, բռնություններ, որպես այդպիսին, չկիրառվեցին, բայց կատարվածը անընդունելի ու դատապարտելի է այն մարդկանց համար, ովքեր հավատում են արժեքներին։

Ամուլսարը այլ բաներ էլ ջրի երես հանեց։

Առաջին, Հայաստանը ունի նախագահ, որի շրջապատը, մեղմ ասած, գոհ չէ այն կարգավիճակից ու իրավիճակից, որում հայտնվել է Արմեն Սարգսյանը։ Ամուլսարի հարցում լռություն պահելով՝ պարոն Սարգսյանը ավելի է ամրապնդում իր անգլիական կարգավիճակը։

Երկրորդ, անհասկանալի է իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կեցվածքը։ Մի մասը չի ուզում խոսել՝ վկայակոչելով արձակուրդում գտնվելու իր իրավունքը։ Մի մասը անհասանելի է։ Կան նաև «կույս մնալու և հաճույք ստանալու» կարգավիճակովներ։ Իմիջիայլոց գրում են, որ դեմ են Ամուլսարին։ Այո, իրավունք ունեք դեմ լինելու, բայց մինչ դեմ լինելը հրաժարվեք ձեր մանդատներից։ Դա է պահանջում նոր Հայաստանի քաղաքականության էթիկան։ Իսկ եթե Ֆեյսբուքում մի քիչ դեմ եք լինելու Ամուլսարին և մնալու եք «Իմ քայլ»-ական, ապա այդ իրավիճակը նկարագրող քաղաքական ու քաղաքագիտական տերմիններ կան, որոնք այնքան էլ հաճելի չեն, բայց թույլատրելի են օգտագործման համար։ Դեմ լինելով Ամուլսարի շահագործմանը՝ իմ համար ավելի ընդունելի են «Իմ քայլի» այն պատգամավորները և նախարարները, որոնք հրապարակավ աջակցում են Փաշինյանին և պաշտպանում նրա ոչ պոպուլյար, վտանգերով լի և ժողովրդայնությանը հարվածող որոշմանը։

Երրորդ, անբացատրելի է մնում այն հանգամանքը, թե ինչու են խոշոր հանքարդյունահանողները, առաջին հերթին Քաջարանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը, այդպես ագրեսիվ ու անթաքույց աշխատում Լիդիանի դեմ։

Չորրորդ, անհասկանալի, բայց նաև հասկանալի է նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ու նրա կոալիցիոն գործընկերների կեցվածքը։ Քաղաքական մշակույթ ունեցող երկրում նրանք պետք է պաշտպանեին Փաշինյանի որոշումը, որովհետև Լիդիանին Ամուլսարում հաստատվելու տեղ տվել են հենց այդ ուժերը։ Մերժվածները լռում են՝ ձեռքերը տաքացնելով այն կրակի վրա, որն ուղղվում է Փաշինյանի դեմ։ 

Հինգերորդ, Ամուլսարը քաղաքական կարևոր նշանակության հարց է, հետևաբար Հայաստանում գործող կուսակցությունները պետք է հստակ իրենց դիրքորոշումն արտահայտեն։ Ոչ ոք իրավունք չունի թաքնվելու Ամուլսարի հետևում։