23 օգոստոս, 2019 14:20

ՀՀ կառավարության աջակցությամբ ընտրությունների վերահսկման նոր մշակույթ է մտնում Արցախ․ Հայկ Խանումյան

Արցախի ընդդիմադիր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն արձագանքել է ՀՀ կառավարության՝ օգոստոսի 22-ի որոշմանը՝ գումար տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Խանումյանի համոզմամբ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ ընտրությունների վերահսկման նոր մշակույթ է մտնում Արցախ, և դա կարևոր է: Այն նաև տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավոր լինելու խոստման մեջ:

«Չեմ հասկանում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությունները ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը քննադատողներին: Գոնե վերջին քսան տարում Արցախում ընտրական գործընթացը տեղի է ունենում խայտառակ ընտրախախտումներով, որի ընթացքում օգտագործվում է ընտրակաշառք, վարչական ռեսուրս, ուժային կառույցների կողմից ճնշում, քրեական և վարչական գործերի կարում, ուղղակի բաց քվեարկություն կամ քվեաթերթիկների լցոնում, բազմաթիվ այլ արատավոր երևույթներ: Դիտորդությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ընտրախատումների քանակը, մասնավորապես քվեարկության ժամանակ կատարվող ընտրախախտումների քանակը: Արցախում արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման մեջ պետք է շահագրգռված լինենք բոլորս, այդ թվում ՀՀ իշխանությունների նկատմամբ թշնամաբար տրամադրվածները, քանզի արդար ընտրությունները հասարակության մեջ արդարության մթնոլորտ ստեղծելու առաջին քայլն է, ինչն էլ անվտանգության ամենամեծ բաղադրիչներից է»,- Ֆեյսբուքում գրել է Հայկ Խանումյանը:

ՀՀ կառավարության աջակցությամբ ընտրությունների վերահսկման նոր մշակույթ է մտնում Արցախ, և դա կարևոր է

ՍիվիլՆեթի հետ զրույցում Հայկ Խանումյանը մանրամասնեց․ «Առնվազն վերջին 5-6 համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արցախում որակյալ դիտորդրություն չի եղել: Միջազգային պատվիրակությունները մեծամասամբ սակավաթիվ են եղել, շրջել են տեղամասերով, այսպես ասած, տոտալ դիտորդություն չի եղել: ՀՀ կառավարության աջակցությամբ ընտրությունների վերահսկման նոր մշակույթ է մտնում Արցախ, և դա կարևոր է: Այն նաև տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավոր լինելու խոստման մեջ: Մեր կուսակցությունը՝ «Ազգային վերածնունդ»-ը, ստեղծման օրերից ի վեր հանդես է գալիս հասարակության ուժեղացման օգտին, և նման քայլերը, բնականաբար, ուժեղացնում են հասարակությունը»:

Խանումյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունների դիտորդրությունը լավ փորձ կլինի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար:

«Արցախում կան այսպես կոչված «ֆեոդալական տարածքներ», որտեղ սովորաբար արձանագրվում է շատ բարձր մասնակցություն և շատ բարձր տոկոսներ իշխանական ուժերի օգտին: Դա հատկապես ակնհայտ երևաց 2017թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ, երբ Հադրութի, Քաշաթաղի, Ասկերանի, Շահումյանի մի շարք համայնքներում եղան բաց քվեարկություններ կամ ընդհանրապես քվեարկություն չեղավ, այլ ուղղակի ներկայացվեցին արդյունքներ: Վերջերս ես հարցում էի ուղղել համայնքապետներին՝ հասկանալու համայնքներում առկա բնակչության թիվը: Վստահորեն կարող ենք ասել, որ ամեն ընտրության ժամանակ իշխանություններն առնվազն 10 տոկոսով ավելի մասնակցություն են ցույց տալիս, քան կա իրականում: Հետևաբար դիտորդությունը գոնե հնարավորություն կտա քվեարկության ժամանակ այս կարգի կեղծիքները բացառել»,- նշեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահը:

Քաղաքական դաշտում հնչող կարծիքների մասին հարցին ի պատասխան՝ Խանումյանը նկատեց, որ ծանոթ չէ, սակայն կարծում է, որ վարչական ռեսուրսի շնորհիվ խորհրդարանում հայտնվող կամ կշիռ ունեցող ուժերի համար «սա ողբերգություն է, և նրանք ամեն կերպ փորձելու են խանգարել գործընթացին»:

«Այդ ուժերը, որոնք վերջին երեք ընտրությունների ժամանակ պաշտպանել են Բակո Սահակյանին, ընտրակեղծիքների գլխավոր շահառուն են»,- եզրափակեց քաղաքական գործիչը:

***

ՀՀ կառավարությունը օգոստոսի 22-ին որոշեց սեպտեմբերին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 33 մլն դրամից ավելի գումար տրամադրել։ Այդ գումարը կփոխանցվի Հայաստանում գործող և դիտորդական առաքելության փորձ ունեցող երկու կազմակերպությունների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին (16 մլն դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին (17 մլն դրամ)։

«Սա ըստ էության շատ կարևոր որոշում եմ համարում։ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ Հայաստանը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանը աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, և սա այդ միջոցառումների ցանկի մեջ գտնվող գործողություն է, որը նաև աննախադեպ է»,- նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատրաստեց Ստելլա Մեհրաբեկյանը