31 օգոստոս, 2019 10:10

Ի՞նչ է սպասվում Սիրիայի քրդերին․ զրույց Սարգիս Գրիգորյանի հետ

Սարգիս ԳրիգորյանըԻ՞նչ է լինելու Սիրիայի քրդերի ճակատագիրը: Այս հարցի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, ինչու՞ է Թուրքիան շահագրգռված Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմամբ, ի՞նչ է տալու այն թուրքերին:

- Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմամբ Թուրքիան լուծում է մի քանի խնդիրն՝ նախ ընդլայնում է իր կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքները, զինուժի առկայության պայմաններում ճնշում է քրդերին, վերահսկելի դարձնում թուրք-սիրիական սահմանն ու անցակետերը, ինչպես նաև լուծում է այդ գոտին Թուրքիայում հայտնված սիրիացի փախստականներով բնակեցնելու խնդիրը։ Վերջինս չափազանց կարևոր է Անկարայի համար այն առումով, որ դրանով փախստականներն են հեռացվում Թուրքիայի խոշոր քաղաքներից, իսկ այդ գոտին դառնում է պատնեշ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ հատվածների միջև։

- Ի՞նչ  փուլում են թուրք-ամերիկյան բանակցությունները: Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը անթաքույց հայտարարում է, որ համաձայնություն չհասնելու դեպքում ռազմական գործողություններ կսկսեն: Հավանական համարու՞մ եք թուրքական զորքերի մուտքը վերոհիշյալ շրջաններ:

- Անկախ թուրք-ամերիկյան լարված հարաբերություններից՝ Սիրիայի հյուսիսային շրջանների հետ կապված ինտենսիվ բանակցություններ են ընթանում Անկարայի և Վաշինգտոնի միջև։ ԱՄՆ-ը շարունակելու է այդ քաղաքականությունը, քանզի Թուրքիան ազդեցիկ գործոն է սիրիական ճգնաժամում։ Թուրքական զինուժն արդեն Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում է, այլ հարց է արևելյան՝ Եփրատից արևելք ընկած հատվածները, որոնք վերահսկվում են ԱՄՆ դաշնակից քրդական ուժերի կողմից։ Թուրքիան հնարավոր ամեն միջոցի դիմելու է այս հատվածներում քրդերին ճնշելու համար։ Անվտանգության գոտու գաղափարը հենց դրան է միտված։ Մի բան ևս ակնհայտ է՝ Եփրատից արևելք ընկած հատվածներում քրդերի առկայությունը, առավել ևս PKK-ին հարող քրդական խմբավորումների ուժեղացումը լուրջ սպառնալիք է թուրքերի համար, և անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ռազմական լուծման գնալ նաև Սիրիայի այս հատվածում։

- Լուրեր են շրջանառվում, որ քրդական ռազմական ուժի՝ YPG-ի մարտիկներն արդեն դուրս են եկել Թել Աբյադից և Ռաս ուլ-Այնից, իսկ հաջորդը Քոբանին է: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ ամերիկացիները իրենց տեղեկացրել են որոշ շրջաններից «ահաբեկիչների» դուրս գալու մասին, սակայն համոզվելու համար պետք է սեփական աչքով տեսնել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:

- Այս փուլում YPG-ի մարտիկների Թել Աբյադից և Ռաս ուլ-Այնից դուրս գալու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն չի բացառվում, որ հետագայում թուրքական զինուժի անմիջական գրոհի դեպքում քրդերը ստիպված լինեն դուրս գալ վերոհիշյալ քաղաքներից, որոնք մեծամասամբ քրդաբնակ չեն եղել, և քրդական ուժերի համար շատ դժվար կլինի դրանք պաշտպանելը։ Այդ մասին շատ չի խոսվում, սակայն կարելի է ենթադրել, որ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների շրջանակում է եղել քրդական կառույցներին սահմանամերձ խոշոր բնակավայրերից հեռացնելը, որը սակայն դեռ քննարկման ու հաշվարկների փուլում է։ Ամեն դեպքում, քրդերը հայտարարում են, որ մինչև վերջ պայքարելու են իրենց վրա գրոհող թուրքական զինուժի ու նրանց կողմից հովանավորվող խմբավորումների դեմ։

- Օրերս Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Ռուսաստանի  նախագահը կարծես պաշտպանեց Թուրքիայի դիրքորոշումն անվտանգության գոտու հարցում՝ այն կարևորելով նաև Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից: Իսկ ի՞նչ են այդ մասին մտածում Սիրիայի կառավարական շրջանակներում:

- Դամասկոսի համար ցանկալի լուծում կլիներ վերահսկել Սիրիայի հյուսիսային այդ հատվածները, սակայն այս փուլում դա անիրականանալի է։ Սիրիական բանակն ու նրանց հարող ուժերը զբաղված են Հոմսի, Համմայի և Իդլիբի ազատագրմամբ։ Բացի այդ՝ Սիրիայի հյուսիսում քրդերը դեռ վճռական են դրամադրված և ցանկություն չունեն դրանք հանձնել այլ ուժերի վերահսկողությանը։ Չնայած, ինչպես Աֆրինի դեպքերը ցույց տվեցին, մենք տեսանք, թե ինչի կարող է հանգեցնել քրդերի այդ կամակորությունը։

- Նախորդ զրույցներից հիշում եմ, որ Դուք հակված էիք կարծել, որ Սիրիայի քրդերին չի հաջողվի պահպանել այն, ինչ ունեն: Կարո՞ղ ենք ասել, որ եթե որոշվի 35 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել, ինչպես Թուրքիան է ցանկանում, քրդաբնակ տարածքներից փաստորեն դուրս կմղվի YPG-ն, ու կվերանա քրդական ինքնավարությունը:

- Սիրիայի հյուսիսում քրդերը կմնան, այլ հարց է, թե ինչ կարգավիճակով։ Սիրիայի քրդական հիմնական շրջանակի կողմից ընդունելի քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գաղափարները դեռ արդիական ու ազդեցիկ են հենց Սիրրիայի քրդերի շրջանում։ Օջալանի առաջ քաշած Դեմոկրատական կոնֆեդերալիզմի գաղափարը ենթադրում է քրդաբնակ տարածքների առկայություն որևէ պետության տարածքում։ Այդ քրդաբնակ տարածքները ինքնավար են, ունեն ֆեդերալ միավորի կարգավիճակ, սակայն անկախ չեն ու չեն ենթադրում քրդական անկախ պետական միավոր։ Կարծում եմ՝ Սիրիայում քրդերը հենց նման ինքնավարություն են ուզում։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ ախորժակը ուտելիս է բացվում, իսկ սիրիական ճգնաժամը մեծ հնարավորություններով օժտեց քրդերին, այնուամենայնիվ գնալով բազմակողմանի ճմշումները կշարունակվեն քրդերի վրա։ Ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ, այդ թվում՝ ներքրդական, որոնք իրենց ազդեցությունն են ունենում Սիրիայի քրդերի վրա։ Հետևաբար քրդերը կլինեն Սիրիայում, նրանք կան ու կլինեն լուրջ գործոն, սակայն կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ, և ապագան ցույց կտա թե Սիրիայի քրդաբնակ կոնկրետ ո՛ր հատվածը կմնա քրդերի լուրջ ազդեցության տակ և ինչպիսին կլինի քրդերի կարգավիճակն այդ հատվածում։

Զրուցել է Գոռ Երանյանը

Լուսանկարում՝ Սիրիայի քրդական Ժողովրդական պաշտպանական միավորումը, որն Իսլամական պետության դեմ պայքարի առաջամարտիկներից է (© Kurdishstruggle, source: flickr.com.)