1 սեպտեմբեր, 2019 09:49

Երբ գալիս է սեպտեմբերը

Աչքս դեռ Ամուլսարին, վեթինգ, պեդինգ, մանդարին, մեկնարկեց նոր ուստարին։

Ծնողներ ծախսը քաշեք (շոր-շիրթ, կոշիկ, պայուսակ), զանգակներն են ղողանջում,  թե փող չունեք՝ պարտք արեք, կարգն է էդպես պահանջում։ Հայրենիքը մեր ալիքն է, ծա՛փ-ծա՛փ-ծա՛փ, Հայաստանը մեր օջախը, շմա՛գ-շմա՛գ-շմա՛գ, ժողովուրդը՝ մարդամեկի ընտանիքը, հո՛ւ-հո՛ւ-հո՛ւ, իսկ դպրո՞ցը, հայի ոգու դպրանոցը, ա՜խ դպրոցը, ի՛նչ խոսք, անշո՛ւշտ, մեր դպրոցը կրթ_գիտ_սպորտ_մշ_նախ_օջախ է, բայցևայնպես հաշիվն առանձին բերեք՝ մի աշակերտին 100 դոլար միջինացված, առանց տնօրենի մաղարիչի, որովհետև բան է փոխվել, երեխեքին «ավանդական» ծրարներով չեն ընդունում, այլ այսուհետ էլ-կարգով են մուտքագրում առաջին անգամ, (վայ կախեց, առըհա քեզ առ ցան-ցան-ցան), կրկին փորձեք, (վայ ստացվեց, թու-թու-թու), առաջին անգամ, առաջին դասարան բոլորն առցանց գրանցվեցին։ Եվ ուրեմն, մանուկներ, շուտ հավաքվեք, զանգակներն են ղողանջում, թողեք խաղը ու վազեք, դպրոցն է ձեզ կանչում։

Բարի գալուստ, մանկապատանեկան դժոխք, այստեղ դուք կլռվեք առնվազն ինը տարի, եթե կեսից չթռնեք՝ բոնուսով տասներկու տարի։ Իսկ հիմա, մենք ազգովին ձեր պատվին խորոված կանենք, ուռա՜։   

Խորովա՞ծ, ինչի՞ համար, աշուն էր, չեկած ամառ։ Տեսնես Հ1-ով «Երբ գալիս է սեպտեմբերը» ցույց կտա՞ն։ Հինը չէ՝ նորը․ էն որ անգրագետ Պողոսը խոպանից վերադառնում է Նոր Հայաստան, որ թոռնիկին տանի առաջին դասարան, հետո երկրում հինգ րոպեն մեկ իրավիճակ է փոխվում, բայց վերջը բարի է՝ անմոռուկ-երկնաքերի 77-րդ հարկի բալկոնում մաղալ են դնում, խորոված անում, լավ էլ «լայվվում» են ու էնքան են կեսգիշերնանց հրավառվում, որ անձամբ Օսիպյանն է գալիս զմայլվելու, ապա ԱԱԾ-ն է ֆոտբոլի հավաքականի հետ միասին կուլտուրական ներխուժում, հետո մնացածը՝ բոլորը, բոլոր-բոլորը հայոց անմար խորովածի ծխի վրա գալիս են ու վրա տալիս, ու էդպես տասներկու տարի զօրուգիշեր քեֆ են անում, մինչև տասներկու միլիոն հայ հավաքվում է անգրագետ Պողոսի հյուրընկալ տանիքի տակ, մեկ էլ՝ հո՛պ, թոռն ավարտում է դպրոցը, և ժողովուրդ-ընտանիքը ճանապարհում է նրան խոպան, չէ՝ նախ բանակ, հետո նոր խոպան՝ պապու գործը շարունակելու։ Ու էդպես էլ չի իմացվում, թե անգրագետ Պողոսի թոռ Պողոսը ինչի՞ գնաց էդ դպրոցը, ուր անգամ ռուսերեն երկու բառ կապել չսովորեց։ Չսովորեց, թե՞ չսովորեցրին, լավ չի հասկացվում։ Էական չի, կարևորը՝ սեպտեմբերը միշտ գալիս է, երբ գալիս է սեպտեմբերը։ Քաշեք, մի քաշվեք, քաշեք չսառի։ Ուստա, չալե՛․․․ խորովածը շատ լավ բան է, ջան տույ-դույ, պույ-պույ մուկիկ։

Տեսնես քանի՞ անմեղ մանուկ էսօր բռնեց դպրոցի ճամփան, որ իմ հիշելով միշտ կարճ է, սիրուն՝ ձմեռ թե գարուն, նրա համար, ով սեր ունի քեզ պես ուսումի։ Դպրոցի ճամփան՝ քառսուն ավուն՝ տասներկու տարում, տասներկու գարուն, ձմեռ ու աշուն կգնան-կգան, որ ի՞նչ սովորեն։ Նախ և առաջ նստել։ Մեզանում երկու հիմնարկ կա, որտեղ նստում են՝ բանտն ու դպրոցը, էդպես էլ ասում են՝ դասի նստել, բանտ նստել։ Նաև ոտքի կանգնել, երբ դատարանը, թու, ի՛նչ եմ ասում, ուսուցիչը դասարան է մտնում։ Տասներկու տարի նրանք կնստեն, մեկումեջ հաստատ դասից կթռնեն, բայց հիմնականում գամված կլինեն նստարաններին աշակերտական՝ քառսուն-քառսուն րոպեներով, ու շատ անգամ դասարանով երնեկ կտան, որ ժամ առաջ հնչի զանգը։ Ա՜խ էդ զանգը, որ չի հնչում, հեռու չգնանք՝ Էստոնիայի դպրոցներում, մեզանից լավ վիճակում չե՞ն։ էս զանգի պահը ձեզ ինչ-որ բան չի՞ հուշում։ Պավլովի շանը հիշում ե՞ք, էն որ զանգը տալիս էր, լոզերը գնում էին։ Անցած լինի։ Ուրեմն, նստել, նստել ու ոտքի կանգնելուց զատ, նրանց կսովորեցնեն լավ հայ լինելու արվեստը, եթե անգամ ասորի են կամ էլ եզդի, ինչպես նաև օրվա հրամայականով՝ քայլ անելու արհեստը։ Թե բախտը նրանց ժպտա, բուսաբ, կենսաբ, ֆիզ, մաթ, աշխարհ, մեկ էլ տեսար մի քիչ քիմիա կսովորեն, բայց դա, անշուշտ, երկրորդական է, առաջնայինը՝ հայոց գրերը սրբազան կյուրացնեն, եկեղեցու պատմությունը կդավանեն, թե մայրերին իրենց մտքից անգամ հանեն, անգիր արած այբն ու բենը, հայու գենը չեն մոռանա։ էլ ի՞նչ մնաց, բա իհարկե, ճամարտակել, հայդուկական խաղեր տալով, ասենք՝ հայեցի ճատրակվել, որ շախ տան՝ շալախո պարեն, տրնգի տան, հետո մատ անեն՝ թռնեն վերվերի, պարեն քոչարի։

Մեզանում երկու հիմնարկ կա, որտեղ նստում են՝ բանտն ու դպրոցը, էդպես էլ ասում են՝ դասի նստել, բանտ նստել։ Նաև ոտքի կանգնել, երբ դատարանը, թու, ի՛նչ եմ ասում, ուսուցիչը դասարան է մտնում

Փառքդ շատ լինի, ընտիր աստված Տիր, որ տիրում ես բաժանելով ու հաստատում ազգային կարգը դպրության՝ կրթություն առանց գիտության։ Ուրի՞շ, ի՞նչ կա՝ տնայիններդ արեցի՞ր։ Չէ՞, դե բեր, բեր բալես, գրակը՝ մաման կգրի, մաթեմը՝ պապան կլուծի, էս Հայաստանն է և վերջ, էստեղ մենք տանն ենք տնայիններն անում, հո անտերուդուզ Ֆինլանդիան չի, որ տնային չլինի։ Բայց էդ հետո, էսօր մեկն է սեպտեմբերի, դաս կա՝ տնային չկա։

Արի, արի, գալդ բարի, ընկեր Սովետաբաղձիկյան, գինի լից, մի կենաց ասա։ Սովետի կարգն ապրած կենա, ասում են՝ չկա, ինչ խոսք՝ ստում են, ահավասիկ, ինչքան ուզեք «ընկեր»-ներ կան ու կլինեն դպրոցներում ու բուհերում, մենք քիչ ենք, սակայն մեզ դեռ «ընկերով» են դիմում։ Թե չէ էս ի՞նչ է, ազգային դպրո՞ց, դիմելաձև անգամ չունի, հնուց, տակուց եկածն է լավ, նոր բան չկա, այսինքն՝ գրած մի տեղ կա, edu.am-ում, է դու՞, դու՞, էլի դու՞, կրթ-գիտ-սպորտ-մշ-նախ իրականում՝ չկա, կա ու չկա, գուցե հուշ է միայն, ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...

Ու քանի դեռ անթիվ անհամար փորձագետները գլուխ գլխի են տալիս, թե ոնց պիտի բարեփոխվի մեր կրթական համակարգը, էս ուստարում հազիվ հասցրեցին հին խրտվիլակի համար նոր շողշողուն հանդերձ կարել։ Մենք գիտելիքահեն, աշակերտակենտրոն, ներառական, ներկառուցվող, ներամփոփ, ներդաշնակ, ներհուն, ներկուռ, ներբան, ներ իր, ներիր մանչուկ, խառն ենք, ժողովի ենք, լիքը գործ կա։

Տեսնես քանի՞ անմեղ մանուկ էս կիրակի օրով կմտնի դասարան, ու առաջին ուսուցչուհին գուցե վերջին անգամ կժպտա բոլորին հավասար ու մայրաբար։ Ինչո՞ւ մայրաբար. որովհետև դպրոցը մեր երկրորդ տունն է, մեր օջախը, մեկ էլ՝ տղամարդ դասվար Հայաստանում, ոնց որ հայտնի գեղում՝ ողջ շոֆեր, չկա։ Իսկ ինչո՞ւ գուցե վերջին անգամ, որովհետև ժպիտները ուսուցչական, որպես կանոն, վերաբերմունք են պահանջում ծնողական։ Չէ, ի՞նչ կաշառք, դա կոչվում է «ուշադրություն», բոնբոներկա, ծաղիկ ու զարդ։ Հարգելի ծնող, առաջ մի՛ ընկեք, կանխիկ կմուծվեք, երբ ձեր երեխան հանրակրթական մեր ճեպընթացից անխուսափելիորեն «հետ կմնա»։ Այ հենց այդժամ էլ ստիպված կրկնուսույցի դուռը կընկնեք։ Սակայն այդ մասին՝ հաջորդ դասին, էսօր մեկն է սեպտեմբերի, և ուրեմն առաջին դասը՝ երազի նման կանցնի կգնա՝ ոչ կարմիր գրիչ կբանեցվի (հորինողի ձեռքը չորանար), ոչ դասամատյանում գնահատական կշարվի (մոգոնողի աչքը քոռանար), ոչ օրագրում վատ գնահատական, ոչ քանոնով ձեռք կդաղվի, ոչ ցուցափայտով աչք կհանվի, ոչ ծնողական ժողովից եկած մոր թարս ապտակից այտ կկարմրի, և գրատախտակին ոչ մի զոհ չի մոտենա։

Փողոցն էսօր հաղթում է՝ իբրև երկու օջախի, երկու կրակի ու երկու քարի արանքում գործող կյանքի միակ դպրոց։ Փողոցը հեշտ է փակել, դպրոցը ո՞նց փակես։ Փակվող փողոցների համաժողովրդական հեղափոխությունը փողոցը դարձրեց հրապարակ, ամբողջ Հայաստանը՝ մի մեծ փակվող-բացվող փողոց

Դպրոցի ճամփան՝ իմ հիշելով ոլոր-մոլոր էր, որովհետև տան ու դպրոցի արանքում միշտ կար ու կա փողոցը, որ ավելի զորավոր էր։ Տուն-փողոց-դպրոց։ Քանի-քանի հազար անմեղ մանուկ էսօր գնաց ոչ թե դպրոց, այլ կրթօջախ, մի օջախից դուրս եկավ, մտավ մյուս օջախը՝ էրվելու, եփվելու, սեփական հոգին սեփական մոխրում խորովել սովորելու։ Ուրեմն, օջախ-փողոց-կրթօջախ, և որ նույնն է՝ օջախ-փողոց-օջախ։ Փողոցն էսօր հաղթում է՝ իբրև երկու օջախի, երկու կրակի ու երկու քարի արանքում գործող կյանքի միակ դպրոց։ Փողոցը հեշտ է փակել, դպրոցը ո՞նց փակես։ Փակվող փողոցների համաժողովրդական հեղափոխությունը փողոցը դարձրեց հրապարակ, ամբողջ Հայաստանը՝ մի մեծ փակվող-բացվող փողոց։ Էսօր մեզ արդեն ասվել է, որ Հայաստանը օջախ է, ասես ջնջվել են բաժանարար գծերը, ու տուն-փողոց-դպրոցը վերածվել է օջախ-Օջախ-օջախի, ասել է թե՝ երիցս օջախի։ Հավատալու չի, բայց փաստ է։ Արդյունքում փակվելու են տան դռները, որովհետև մեծ բլեֆ է Հայաստան-օջախի ու ժողովուրդ-ընտանիքի միֆը։ Հայաստանն օջախ չի, հանրապետություն է, ժողովուրդը ոչ մեկի ընտանիքը չի, ոչ էլ կուսակցությունը։ Ընտանիքի մոդելով պետություն կառուցել չի լինի, ոչ էլ՝ կրթական համակարգ, այլապես ուսուցիչ ու ծնողը, պետությունն էլ վրադիր, տեղն եկած տեղը շարունակելու են հայրաբար ապտակել ու մայրաբար բռնանալ իրենց զավակների վրա։

Հայաստանում դպրոց չկա, կա միայն ճամփան, դպրոցի ճամփան, որ իմ հիշելով ձմեռվա բքին, սառնամանիքին դժվար էր, երկար, զվարթ գարունքին, երգին ու ծաղկին կարճ էր, դուրալի։ Հարցը փողը չի, ոչ էլ միտքը։ Հարցը քաղաքական կամքն է, եթե կուզեք՝ Ստամբուլյան կոնվենցիան է, Հայաստանի օջախազերծումը, իրավունքի, այդ թվում երեխաների իրավունքների պաշտպանությունը, ոչ թե բոլորիս սրտերում գյոլ տված սերն առ հայրենիք և անվերջանալի «կեցցեները»։

2013-ին էր։ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում մի վեցերորդ դասարանցի աշակերտ, անունը՝ Հարություն, մեն-մենակ դուրս էր եկել բոլորի դեմ՝ ողջ դպրոցի, համադասարանցիների, նրանց ծնողների, ուսուցիչների ու տնօրենի։ Մեծ Օջախը դուրս էր եկել ընդդեմ մի մատ երեխու, անհատի։ Նա ճիշտ էր, նա հաղթել էր Տիրին, որովհետև գիտեր ավելին, քան բոլոր հին ու նոր աստվածները, որ մեզ էդպես էլ չսովորեցին վերևից չնայել։ Հարությունը մեզ մատնացույց էր անում դպրոցի կայացման ճամփան, նաև տունդարձի ճամփան։ Տեսնես ո՞ւր է, ի՞նչ բանի, տեսնես ո՞ր դպրոցն ավարտեց, տեսնես տուն դարձա՞վ, թե՞ կուլ գնաց անվերջ ծխացող օջախին։

Երբ սեպտեմբերն եկավ, պայուսակները բռնած, մանկապարտեզն ավարտած երեխեքը ոլոր-մոլոր էս ճամփեքով ո՞ւր, դեպի ո՞ւր գնացին։ Մնացածը՝ այ այստեղ։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: