1 սեպտեմբեր, 2019 13:26

Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է սիրողական-ուսանողական լիգա. Կողբի օրինակը

Հայկական ֆուտբոլը նոր շունչ է ստացել՝ պայմանավորված մի շարք հաջող օրինակներով: «Արարատ Արմենիան», որ հիմնադրման ուղիղ մեկ տարվա պատմություն ունի, հայկական ֆուտբոլի համար պատմություն կերտեց՝ հասնելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ: Մեկ այլ ակումբ՝ «Փյունիկը», դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ փուլ՝ «Հանրապետական» մարզադաշտ բերելով անգլիական գայլերին՝ «Վուլվերհեմփթոնին»։ Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ երկու անընդմեջ հաղթանակ տոնել Եվրո-2020-ի խմբային փուլում։ Երևանում հուլիսին բարձր մակարդակով անցկացվեց մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բարձրագույն խմբի 2019-2020 թթ առաջնությունում մասնակից թիմերի թիվը հասել է 10-ի։ Ավելացել է Առաջին խմբի առաջնության թիմերի թիվը՝ 17։ Հունիսի սկզբին Արցախում անց է կացվել Եվրոպայի չճանաչված ֆուտբոլային երկրների առաջնությունը՝ CONOFA-2019-ը։

Այս՝ 2019-2020 մրցաշրջանը, ամենաֆուտբոլայինն է մանկապատանեկան մրցաշարերում: Այս մրցաշրջանում, օրինակ, Տավուշի մարզը խաղալու է ավելի քան 15 թիմերով: Մարզը երկու թիմ ունի Առաջին խմբում՝ տղաների «Դիլիջանը» և Բերդավան գյուղի «Թխաձոր աղջիկները»: Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլը գերազանցապես կենտրոնացած Երևանում: Հաջողության հասնելու համար պետք է ֆուտբոլը հնարավորինս հավասարաչափ բաշխել Հայաստանի բոլոր շրջաններում:  

Հայկական ֆուտբոլին այսօր պակասում է սիրողական-ուսանողական լիգան: Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ է կարևոր դրա հիմնադրումը:

Հայաստանում ֆուտբոլային աստիճանակարգը այսպիսին է: Ամենավերևում Բարձրագույն խումբն է, որտեղ խաղում են 10 թիմեր: Վերջին տեղը զբաղեցնող թիմը այս տարի հրաժեշտ կտա Բարձրագույն խմբին և կհայտնվի Առաջին խմբում, որտեղ խաղում են 17 թիմեր: Առաջին խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը մյուս՝ 2020-2021 թթ առաջնությունում, հանդես կգա Բարձրագույն խմբում:

Առաջին խմբից հետո գալիս են Հայաստանի մանկապատանեկան առաջնությունները՝ մինչև 18, 17, 16, 15, 14 և 13 տարեկաններ: Մինչև 12, 11 և 10 տարեկանները խաղում են Երևանի առաջնությունում:

Մենք առաջարկում ենք ստեղծել սիրողական-ուսանողական լիգա, որ կլինի Հայաստանի ֆուտբոլի առաջնության Երկրորդ խումբը:

Ովքե՞ր կարող են մասնակցել Երկրորդ խմբի առաջնությանը: Դրանք կարող են լինել խոշոր արտադրական և այլ ընկերությունների թիմեր, որոնք կլինեն սիրողական, բայց որոնցից կարող են դուրս գալ և ձևավորվել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Օրինակ, ցանկության դեպքում, նման թիմեր կարող են հիմնել «Գրանդ քենդին», «Արմենթելը», «Վիվասելը», «Մուլտի գրուպը», Սամվել Ալեքսանյանի արտադրական, գործարար միավորումները: Սիրողական-ուսանողական լիգայի պարտադիր մաս պետք է կազմեն տարբեր բուհեր, IT ընկերություններ, նախարարություններ, վարչություններ, ինչպես նաև խոշոր համայնքներ, այդ թվում՝ գյուղական:

Սիրողական-ուսանողական լիգան կամ Երկրորդ խումբը կարող է ունենալ այնքան թիմեր, որ դրանք ենթարկվեն աշխարհագրական բաժանումների, օրինակ՝ 4 գոտիների՝ Հարավ, Հյուսիս, Արևելք, Արևմուտք: Այս լիգան պետք է լինի սիրողական, բայց դա չի նշանակում, թե այստեղ խաղացող լավագույն ֆուտբոլիստները չեն կարող չվարձատրվել: Ակնհայտ է, սակայն, որ այդ լիգայի թիմերի տարեկան ծախսերը փոքր կլինեն՝ մինչև մի քանի միլիոն դրամ:

Ի՞նչ պետք է տա ուսանողական-սիրողական լիգան կամ Երկրորդ խումբը հայկական ֆուտբոլին:

Առաջին. ֆուտբոլը իրավամբ կդառնա մասսայական և կնպաստի նաև երկրում տիրող սոցիալ-հոգեբանական իրավիճակի բարելավմանը:

Երկրորդ. այս լիգան հայկական ֆուտբոլին կտա նոր, երիտասարդ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ:

Երրորդ. ուսանողությունը կներգրավվի հայկական ֆուտբոլում: Ուսանողությունը ամեն մի երկրի շարժիչ ուժն է, այն շարժիչ ուժ է նաև սպորտի, առաջին հերթին՝ ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի համար:

Ես համոզված եմ, որ միայն ուսանողական-սիրողական լիգայի կամ Երկրորդ խմբի ստեղծումով է հնարավոր հայկական ֆուտբոլը բերել նոր որակի ու մակարդակի, հասցնել Հայաստանի բոլոր անկյուններ:

Արդեն 2020-2021 թթ առաջնությունում հնարավոր է ունենալ ուսանողական-սիրողական՝ Երկրորդ լիգան: Դա նշանակում է, որ այսօրվանից կարող են ձևավորվել թիմեր: Եթե ձևավորում ենք այդ լիգան, ապա յուրաքանաչյուր նորաստեղծ թիմ այլևս չի կարող միանգամից խաղալ Առաջին խմբում, ինչպես այսօր է: Այսպիսով, ճանապարհը դեպի Բարձրագույն խումբ պետք է սկսվի Երկրորդ խմբից: Բացի այդ, Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությանը պետք է թույլ տալ մասնակցել բոլոր ցանկացող թիմերին, եթե այդ թիմերի թիվը հասնի 50-ի կամ անգամ 100-ի: Այդպես է, օրինակ, Անգլիայում և ֆուտբոլային այլ երկրներում:

Վերջում, Տավուշի մարզի Կողբ գյուղի օրինակով ուզում ենք ցույց տալ, թե ինչպես է գյուղական թիմը մի քանի տարում կարողանում խաղալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Սա լավագույն օրինակն է, թե ինչպես է սիրողականը դառնում պրոֆեսիոնալ, թե ինչպես է ֆուտբոլը զարգանում ներքևից վերև:

Խորհրդային Միությունում ֆուտբոլն ուներ այսպիսի աստիճանակարգ՝ Բարձրագույն խումբ, Առաջին խումբ, Երկրորդ խումբ (որտեղ կար աշխարհագրական 9 գոտի): Երևանի «Արարատը» խաղում էր Բարձագույն, Աբովյանի «Կոտայքը»՝ Առաջին խմբում: Երկրորդ խմբի 9-րդ գոտում անդրկովկասյան հանրապետությունների հետ խաղում էին Լենինականի «Շիրակն» ու Կիրովականի «Լոռին»:

Խորհրդային տարիներին հանրապետություններն ունեին իրենց առաջնությունները և գավաթի խաղարկությունները: Խորհրդային Հայաստանում անց էին կացվում հանրապետական և շրջանային առաջնություններ: 1980-1988 թվականներին Կողբ գյուղի թիմը հաղթում էր Նոյեմբերյանի շրջանի առաջնությունում: 1987-ին Կողբը հասավ Խորհրդային Հայաստանի գավաթի եզրափակիչ: Երկու տարի անց Կողբը Խորհրդային Հայաստանի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը: Պատկերացնում ե՞ք այսօր որևէ գյուղական թիմ խաղա Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն կամ Առաջին խմբում:

Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը և հանրապետությունները անկախացան, Կողբի թիմի հիմքի վրա ձևավորվեց «Պահածոյագործը», ապա՝ «Ազնավուրը»: Այս թիմը 1992-1997 թթ. խաղաց Հայաստանի Առաջին և Բարձրագույն խմբում:

 

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: