4 սեպտեմբեր, 2019 12:08

Ռուս ակտիվիստ Շիշկինը ՀՀ-ում ապաստան ստացե՞լ է, թե՞ ոչ․ լուրերի հետքերով

Ռուսաստանցի ակտիվիստ, ռուսական լրատվամիջոցների բնութագրմամբ՝ «ռուսական քայլերթների» կազմակերպիչ Վիտալի Շիշկինին Հայաստանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու շուրջ հակասական տեղեկություններ են շրջանառվում մամուլում։

«Եթե մամուլում որևէ կերպ նշվում է, թե Միգրացիոն ծառայությունը հաստատում կամ հերքում է, թե Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան է տրամադրվել, ապա դա նշանակում է, որ ՀՀ-ն թերացել է իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Վերջինիս խոսքով՝ միգրացիոն ծառայությունը իրավունք չունի տեղեկատվություն տրամադրել որևէ անձի ՀՀ-ում ապաստան տրամադրելու կամ չտրամադրելու մասին։ 

«Չենք պատասխանում այդ հարցին, քանի որ խախտելու ենք անձնական տվյալների մասին օրենքը, ինչպես նաև ապաստանի և փախստականների մասին օրենքը։ Մեր օրենքում առկա է նաև դրույթը, որ միգրացիոն ծառայությունը լրատվամիջոցներին նման տեղեկատվություն տրամադրելու իրավունք չունի։ Մենք միացել ենք Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիային, որտեղ պարտավորվել ենք պահպանել անձի գաղտնիությունը՝ անկախ նրանից մերժել ենք, թե ոչ։ Փախստականի կարգավիճակ ինքնին նշանակում է միջազգային պաշտպանություն»,- նշեց նա։

Նելլի Դաթյանը հավելեց՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան երբևէ որևէ օտարերկրյա քաղաքացի չի ստացել։ 

««Քաղաքական ապաստանի մասին» օրենքը ՀՀ-ում գոյություն ունի, բայց միայն տեսականորեն։ Ինստիտուտը ներդրված է, բայց երբևիցե առիթ չի եղել այն կիրառելու, և որևէ օտարերկրյա քաղաքացու մինչև օրս Հայաստանի Հանրապետությունը չի շնորհել քաղաքական ապաստան»,- ասաց Նելլի Դավթյանը։ Հարցին, թե արդյոք թալիշ քաղաքական գործիչ, Ադրբեջանից փախուստի դիմած Շահին Միրզոևին 2017-ին տրամադրվե՞լ է քաղաքական ապաստան, Դավթյանը պատասխանեց, որ Միրզոևին ապաստան տրամադրելու մասին տեղեկությունները սխալ էին։

Վերջին օրերին ինքը՝ ակտիվիստ Շիշկինը, սոցիալական մեդիայում և լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում է, որ ապաստան է ստացել Հայաստանում՝ ներկայացնելով փաստաթղթեր։


Թեման լայնորեն լուսաբանում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ գրելով, որ «Հայաստանը ապաստան է տվել «ռուսական քայլերթների» կազմակերպիչ Շիշկինին։ Նշվում է, որ Ռուսաստանում նա հայտնի է իր աջ արմատական հայացքներով։

Աստղիկ Գաուդյան