6 սեպտեմբեր, 2019 15:34

Արտգործնախարարը բացատրել է՝ ինչու Փաշինյանը չի գնացել Լեհաստան

Երկու կողմերի օրակարգերը այնպիսին էին, որ ավելի նպատակահարմար էր վերանայել երկկողմ այցի ժամկետները․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսպես է բացատրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառմանը չմասնակցելը։

Սեպտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին Մնացականյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Փաշինյանը Լեհաստան չմեկնելու իր որոշումը ի համերաշխություն Ռուսաստանի է կայացրել, ասել է, որ հայ ժողովուրդը մեծ գին է վճարել՝ պաշտպանելով իր հայրենիքը։ «Սա ևս ազդեցություն է ունեցել որոշման վրա»,- ասել է նա։ 

Ռուսաստանը հրավիրված չէր սեպտեմբերի 2-ին Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի ավարտի 74-րդ տարեդարձի միջոցառումներին։

Արտգործնախարարը ասել է նաև, որ որոշումը պայմանավորված է նաև հայ-լեհական երկկողմ օրակարգով․ 

«Մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի դերը Արևելյան գործընկերության համատեքստում նախաձեռնողականություն ցուցաբերելու առումով։ Մենք բավական լայն օրակարգ ունենք։ Եվ այդ առումով նաև մենք պետք է փորձենք իրականցնել երկկողմ այց։ Երկու կողմերի օրակարգերը այնպիսին էին, որ ավելի նպատակահարմար էր վերանայել երկկողմ այցի ժամկետները։»,- ասել է նա։

Լուսինե Վարդանյան