6 սեպտեմբեր, 2019 13:00

Արտգործնախարարը մեկնաբանել է վարչապետի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը 

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը նա արել էր օգոստոսի 5-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

«Մեծ նշանակություն ունի ելույթի կոնտեքստը և նպատակը։ Վարչապետը շատ ընդարձակ խոսել է համահայկականության մեր գերական խնդիրների մասին և շատ ընդարձակ խոսել է համերաշխության, միասնականության և զարգացման մեր համազգային նպատակների մասին։ Միևնույն ժամանակ, խոսելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ շատ հստակ արտահայտել է իր մոտեցուոմները այն հատվածում, որը ձևակերպված է «Կոնսենսուս 6»-ում»,- ասաց նախարարը։

Ըստ արտգործնախարարի՝ «Կոնսենսուս 6»-ում վարչապետը վերահաստատել է բոլոր այն սկզբունքային մոտեցումները, որոնք արտահայտված են Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի նպատակով։ «Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ բնույթը այլընտրանք չունի, և մենք շարունակելու ենք մեր բոլոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը։

Օգոստոսի 5-ին վարչապետ Փաշինյանը ներկայացրել էր համահայկականության վեց կոնսենսուս։ «Կոնսենսուս 6»-ում նշվում է․ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։

Լուսինե Վարդանյան