6 սեպտեմբեր, 2019 14:05

Հայաստանի ու Արցախի տարաձայնությունները դրամատիզացնելու կարիք չկա․ արտգործնախարար 

Հայաստանի ու Արցախի տարաձայնությունները դրամատիզացնելու կարիք չկա, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ 

Սեպտեմբերի 6-ին Երևանում հրավիրած ասուլիսին Մնացականյանը, լրագրողի խնդրանքով մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Nouvelle d'Arménie պարբերականի հետ հարցազրույցում Հայաստանի և Արցախի ղեկավարությունների «որոշ հարցերում անհամաձայնությունների մասին», ասել է․ «Տարաձայնություններ ունեն բոլորը, եթե կա շփում՝ մարդկայինից մինչև միջպետական»։ 

«Դրամատիզացնելու կարիք չկա, որովհետև տարաձայնություններ ունենալը բնականոն բան է։ Մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ յուրաքանչյուր ուղղությամբ։ Դա հարաբերություններում որպես ճգնաժամ և կոնֆլիկտ մեկնաբանելը դրամա ստեղծելու սահմանն է։ Ես բացառում եմ, որ մենք ունենք այդ դրաման հարաբերություններում։ Այս տարվա ընթացքում չափազանց ակտիվ երկխոսություն է գնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ մասնավորապես ԼՂ կարգավորման հարցով։ Հանդիպում ենք համադրելու, քննարկելու և առաջ գնալու ճանապարհը գտնելու համար»։

Հայաստանի ու Արցախի հարաբերությունների մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի վերջին Nouvelle d'Arménie պարբերականին տված հարցազրույցում։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր․ «Կարծում եմ՝ կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաններ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։ Պետք է հստակ ասել իրերը․ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետեւանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, եւ, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան»։ (Հարցազրուցն ամբողջությամբ՝ այստեղ

Լուսինե Վարդանյան