6 սեպտեմբեր, 2019 15:47

Հայ-թուրքական հարաբերություններում «որևէ լավ լուր չկա»․ արտգործնախարար 

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ, սակայն «որևէ լավ լուր չկա» այդ առումով։

Սեպտեմբերի 6-ին հրավիրած ասուլիսին, Մնացականյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք որևէ գործընթաց կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ասել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ։ «Գործընթացը ենթադրում է երկու կողմ և չեմ կարող ասել, որ մենք որևէ լավ լուր ունենք ասելու այսօր»,- ասել է նա։

Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման «ուղղությամբ ողջունելի իրողություններ չունենք»․ 

«Դա իրողությունն է Թուրքիայի կողմից Ցյուրիխի գործընթացի մերժման, դա իրողությունն է շարունակական շրջափակման, դա իրողությունն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում խիստ ընդգծված կողմնակալության և իրողությունն է Ցեղասպանության ժխտման քաղաքականության շարունակական հետապնդման»,- նշել է արտգործնախարարը։

Լուսինե Վարդանյան