7 սեպտեմբեր, 2019 15:14

Գյումրիի ավտոմաքսատան բացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին

Գյումրիի ավտոմաքսատան բացումը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 11-ին, հայտում է պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը:

Իսկ Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Շինարարության ընթացքին հերթական այցի ժամանակ հետևել է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որ նշել է՝ աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել. «Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով»:

Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարությունն ընթանում: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ նոր շենքի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն շինարարական եռուն շրջանն է: Շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում նախագիծը: Աշխատուժի պակաս էլ չկա: Այժմ շուրջ 160 հոգի է այստեղ աշխատում, սակայն հետագայում՝ 24-ժամյա գրաֆիկի անցնելիս` աշխատողների թիվը կարող է 350-ի հասնել: Իսկ տարածքում ստորգետնյա ջրերի բարձրացումը խնդիր չի առաջացնի. դեռևս նախագծման փուլում հետազոտություններ են արվել, ճարտարապետական ու շինարարական լրացուցիչ խնդիրներ են դրվել և հաղթահարվել: Հիմքերն ամուր են, բետոնացման ծավալները՝ նախատեսվածից ավելին: Շենքը շահագործման կհանձվի սահմանված ժամկետում. վերահաստել է կոմիտեի ղեկավարը: 

Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու է ծառայություններ: Իսկ
դա նշանակում է, որ կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն
հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1 000 մեքենա։