7 սեպտեմբեր, 2019 13:34

Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցը փոխելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ են ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը և դադարեցնելու քրեական հետապնդումը:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Միջնորդությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ»,- նշված է հայտարարության մեջ։

Պաշտպաններն այս քայլն արել են Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ին հրապարակած որոշումից հետո, որի համաձայն՝ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ոչ։ 

«Երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է և սահմանափակված է ներկայումս, և դրանով իսկ այն հակասում է ՀՀ սահմանդրությանը, անձնական ազատության իրավունքին»,- ասել էր Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում։

Իսկ սեպտեմբերի 6-ին ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշումը։