9 սեպտեմբեր, 2019 17:04

Ազատ, արդար, մրցակցային․ Փաշինյանը՝ Արցախի ՏԻՄ ընտրությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ շնորհավորելով արցախցիներին տեղական ինքնակառավարման մարմինների՝ «ազատ, արդար, մրցակցային ընտրություններ» անցկացնելու կապակցությամբ:

«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:

Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»,- գրել է Փաշինյանը:

***

Սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր 228 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Այս ընտրությունները նախորդում են Արցախի համընդհանուր ընտրություններին․ 2020-ին Արցախը կընտրի նոր նախագահ և խորհրդարան։

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։  

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Արցախի ընտրությունների քվեարկության օրվա գործընթացների դիտարկում` ներգրավելով 103 դիտորդ, 53-ը Արցախից՝ որպես տեղական և 50-ը՝ Հայաստանից՝ որպես օտարերկրյա հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտորդներ։ «Ականատես»-ն արձանագրել է, որ քվեարկությունն «ընդհանուր առմամբ ընթացել է խաղաղ մթնոլորտում, և խախտումները հիմնականում կրել են տեխնիկական և ոչ միտումնավոր բնույթ»։