9 սեպտեմբեր, 2019 12:32

Եդինայա Ռոսիան կորցնում է Մոսկվան

Ռուսական Վեդոմոստի թերթը գրում է, որՄոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ըստ քվեարկության նախնական արդյունքների, միամանդատ ընտրատարածքների գրեթե կեսում իշխանությունների աջակցությունը վայելող թեկնածուները պարտվում են: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 21,52 %: 

Մոսկվայի քաղաքային դումայում ամենախոշոր խմբակցությունները կունենան «Եդինայա Ռոսիան» և Կոմունիստական կուսակցությունը։ «Յաբլոկոն» վերադառնում է Դումա։ 

45 ընտրատարածքից 20-ում հաղթանակ են տանում այն թեկնածուները, որոնք Ալեքսեյ Նավալնին նշել էր «Խելացի քվեարկության» ցուցակում: Ինքը՝ Նավալնին, ինչպես և նրա կողմնակիցներից շատերը, չէին կարողացել մասնակցել ընտրություններին:

«Խելացի քվեարկության» տեխնոլոգիան օգնեց կանոնակարգել մի շարք թեկնածուների՝ ընտրություններին որպես թեկնածու գրանցման մերժելուն դեմ ցույցերի մասնակիցների ձայները, ասում է քաղաքագետ Ս. Պոլյակովը:

Վեցերորդ գումարման Մոսկվայի քաղաքային դումայում մեծ խմբակցություններ ունեին միայն «Եդինայա Ռոսիան», «Մոյա Մոսկվա» խմբից իշխանամետ ինքնաառաջադրվածները, ինչպես նաև կոմունիստները, իսկ այժմ այնտեղ կարող են հայտնվել ընդդիմության երեք խմբակցություններ: Դրանցից ամենամեծը կլինի Կոմունիստական կուսակցությունը, որից կարող է ընտրվել 13 մարդ:

Մոսկվայի քաղաքապետի նախկին՝ Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վադիմ Կումինը պարտվեց ընտրություններում: Իրականում «Խելացի քվեարկությունը» առաջարկել էր քվեարկել ոչ թե նրա, այլ ինքնառաջադրված թեկնածու Դարյա Բեսեդինայի օգտին, որին աջակցում է «Յաբլոկոն»:

«Յաբլոկոյի» քաղաքական հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Յավլինսկին արդեն հայտարարել է, որ Մոսկվայի քաղաքային դումայում կուսակցությունը կունենա չորս հոգանոց խմբակցություն, որոնց թվում է Բեսեդինան: Վերջին անգամ «Յաբլոկոն» ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումա 2005-ին, և այդ ժամանակից ի վեր այն այնտեղ ներկայացված չի եղել:

Փոքր խմբակցություն կունենա նաև «Սպրավեդլիվայա Ռոսիան»։

Իշխանությանն աջակցող թեկնածուները հաղթում են 25 շրջաններում: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ նրանք բոլորը հանդես եկան որպես ինքնաառաջադրումներ, բայց դա չօգնեց շփոթեցնել ընտրողներին: Թիվ 45 ընտրատարածքում պարտվում է «քաղաքապետի թիմի» թեկնածուն՝ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» հետազոտական համալսարանի պրոռեկտոր Վալերիա Կասամարան, փոխարենը կարող է ընտրվել «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Մագոմետ Յանդիևը, որը գտնվում է «Խելացի քվեարկության» ցուցակում: «Յանդիևը, որին դեռ մեկ շաբաթ առաջ ոչ ոք չէր ճանաչում, և որն ընդհանրապես քարոզարշավ չի իրականացրել, հայտնվելով«Խելացի քվեարկության» ցուցակում, պարտության է մատնում Կասամարային, որի մասին միայն արդուկները չէին երգում»,- ասում է քաղաքական տեխնոլոգ Պոլյակովը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ընտրություններն անվանել է վերջին տարիների «ամենահուզական և իսկապես մրցունակ» ընտրությունները: Նրա խոսքով ՝ նոր խմբակցությունների շնորհիվ Դուման դարձել է քաղաքականապես ավելի բազմազան: Ըստ քաղաքագետ Վիտալի Իվանովի, հարցը ոչ թե խմբակցությունների աճող քանակն է, այլ դրանց կազմը և հավասարակշռությունը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի