9 սեպտեմբեր, 2019 12:04

Ազգային ժողովը օրակարգում չընդգրկեց Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը 

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը չընդգրկվեց ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն իր ելույթում ասաց, որ նախագծի նպատակն է հանրությանը հայտնի դարձնել նաև բոլոր այն իրավաբանական անձանց անունները, որոնք հանքարդյունաբերական ընկերություններում ունեն 10%-ից քիչ մասնաբաժին։ 

«Մեծ հանքերի դեպքում փոքր մասնաբաժիններով ձևավորվում է օֆշորային ընկերություն, և հանրությունը գրեթե դրանցից տեղյակ չի լինում»,- նշեց Բաղդասարյանը։ 

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին։ Հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն իր ելույթում ասաց. «Ամբողջությամբ հանել որևէ շեմ, մենք չենք կարող, որովհետև այդտեղ ուղղակի կլինի դատաբազաների հրապարակում։ Կարող են լինել այնպիսի ընկերություններ, որոնք անընդհատ իրենց ակցիաները հանում են շուկա, և դրանք պարզապես կլինեն անունների հսկայական ցանկեր, որոնց ուսումնասիրությունը ուղղակի ոչինչ չի տա»։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքեց. «Մենք ինչի՞ց ենք վախենում, եթե հանքերի մեջ մեկը սեփականատեր է նախորդ իշխանություններից, պետք է իմանանք, եթե հանքերի մեջ մեկը սեփականատեր է նոր իշխանություններից, դա էլ պետք է իմանանք, եթե մի տոկոս էլ ունի, էլի պետք է իմանանք։ Հիմա, եթե դուք չեք բացում էդ 10 տոկոսը , մենք կարող ենք չէ՞ ուրեմն մտածել, որ էդ 10 տոկոսի մեջ մարդիկ կան, որ դարձել են սեփականատերեր»։ 

Բուռն քննարկումների վերջում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, բերելով Ամուլսարի հանքի օրինակը, ասաց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը փաստաթղթերի տեսանկյունից ամենաթափանցիկ աշխատող ընկերությունն է Հայաստանում։

Կողմ՝ 36, դեմ՝ 67, ձեռնպահ՝ 7. Ազգային ժողովը չընդունեց օրենքի նախագիծը օրակարգ մտցնելու հարցը։ 

Տեղեկանք

Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել էր 2017-ից, երբ Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ։ ԱՃԹՆ ստանդարտը պահանջում է, որ նախաձեռնությանը մասնակից երկրները հրապարակեն հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեեստր։ Արդեն իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ իրական սեփականատերեր են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսին։ Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերական ընկերությունում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիակական անձը ազատվում է այդ  բաժնեմասի իրական սեփականատիրոջը բացահայտելու պարտադրանքից։ Սա իր հերթին կարող է հնարավորություն տալ հանքարդյունաբերական ընկերությունում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձին «մասնատել» բաժնեմասերը այնպես, որ դրանք ստացվեն 10 տոկոսից ցածր ու չվերաբերեն իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությանը։

Տե՛ս նաև՝

Կառավարությունը չի ցանկանում մինչև վերջ բացահայտել հանքերի իրական սեփականատերերին

Սաթենիկ Հակոբյան