9 սեպտեմբեր, 2019 11:08

Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը. «Ինտերֆաքս»

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է․ այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է 2008թ․ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների գործով մեղադրյալ Հարությունյանի նկատմամբ չեղարկել հետախուզումը»,- ասել է աղբյուրը՝ պարզաբանելով, որ այսպիսով, գեներալին Ռուսաստանի տարածքում ոչինչ չի սպառնում, բայց ԱՊՀ երկրներից մեկում հայտնվելու դեպքում Հարությունյանը կարող է ձերբակալվել և հանձնվել Հայաստանին։

«Ինտերֆաքս»-ի տեղեկանուն նաև հայտնել է, որ Հարությունյանի ձերբակալության և հանձնման պահանջ Մոսկվային ներկայացվել է ոչ թե ՀՀ դատախազության, այլ միջպետական հետախուզման գծով։ Ձերբակալության օրդերում նշված է եղել անգամ մեղադրյալի մոսկովյան տան հասցեն։

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2018թ․ հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել 2008 թվականի մարտի 1-ի գործով։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ։ Մեղադրյալ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։