10 սեպտեմբեր, 2019 10:21

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

«Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 8-ին Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության նոր կազմին՝ նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ։ Գախարիան իշխող «Վրացական երազանք»-ի իշխանության յոթ տարիների ընթացքում պաշտոնավարող հինգերորդ վարչապետն է։ Ընդդիմությունը հայտարարում է նրա թեկնածության անընդունելիության մասին։