11 սեպտեմբեր, 2019 11:41

«Մենք կանգուն ենք, իսկ նա գնաց»․ Թեհրանի արձագանքը՝ Բոլթոնի պաշտոնանկությանը

Իրանի պաշտոնական շրջանակները արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին աշխատանքից ազատելու հայտարարությանը։ Թրամփը իր որոշումը հիմնավորել է Բոլթոնի հետ ունեցած բազմաթիվ անհամաձայնություններով, որոնք, ըստ երևույթին, առկա են Իրանի, Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի և Ռուսաստանի հարցերում։

Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ԼՂ հարցի լուծումն է․ Բոլթոն

Ինչպես նկատել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Հեսամեդդին Աշենան, Բոլթոնի հեռացումը ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից վկայում է Իրանի դեմ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման ռազմավարության» ձախողման մասին։

«Բոլթոնի լուսանցքայնացումն ու որպես հետևանք՝ հեռացումը պատահական չէ, այլ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ռազմավարության ձախողման մասին վճռական ազդանշան է՝ Իրանի կառուցողական դիմադրության արդյունքում»,- գրել է Աշենան։

Բոլթոնը հասկացրեց՝ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր համար առաջնահերթ չէ․ Էմիլ Սանամյան

Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին Թվիթերում կարծիք է հայտնել, որ «պատերազմի և տնտեսական ահաբեկչության ամենամեծ քարոզչի» հեռացմամբ Սպիտակ տունն ավելի անարգել կսկսի հասկանալ Իրանի իրողությունները։

«Ջոն Բոլթոնը ամիսներ առաջ խոստացել էր, որ Իրանը հազիվ երեք ամիս դիմադրի։ Մենք կանգուն ենք, իսկ նա գնաց»,- գրել է Ռաբիին։ 

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին, ասել է հետևյալը․ «Մենք որևէ հայտարարություն չենք անելու ԱՄՆ ներքին գործերի վերաբերյալ»։

Նախկինում Զարիֆը բազմիցս հայտարարել է, որ «Բ-թիմը»՝ Բոլթոնն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Թրամփին կարող են ներքաշել Թեհրանի հետ հակամարտության մեջ։ 

Ստելլա Մեհրաբեկյան