11 սեպտեմբեր, 2019 09:16

Պոլսի պոգրոմը. զրույց Իոաննիս Գրիգորիադիսի հետ           

Անկարայի Բիլքենթ համալսարանի Քաղաքագիտության ու Հանրային կառավարման բաժնի դասախոս, ազգությամբ հույն Իոաննիս Գրիգորիադիսը1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում տեղի ունեցավ Պոլսի պոգրոմը. քաղաքի փողոցներում մոլեգնում էր բռնությունը:  Երկու օրվա ընթացքում կողոպտվեցին ոչ մահմեդականներին պատկանող հազարավոր բնակարաններ, խանութներ ու այլազան հաստատություններ, տասնյակ եկեղեցիներ, գերեզմանատներ ու դպրոցներ: Սպանվածների թիվը մեկ տասնյակից ավելի էր: Հարձակման թիրախում  հույներն էին, տուժեցին նաև հայերն ու հրեաները: Այդ իրադարձությունների մասին ՍիվիլՆեթը զրուցել է հույն քաղաքագետ Իոաննիս Գրիգորիադիսի հետ:

- Որո՞նք էին 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառները, արդյոք առաջնայինը սոցիալ-տնտեսական խնդիրնե՞րն էին:

- Սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունների հիմքում մի կողմից կիպրական խնդրի հետևանքով  թուրք-հունական լարված հարաբերություններն էին, մյուս կողմից Թուրքիայի Հանրապետության ստեղծումից  ի վեր Ստամբուլում ապրող ոչ մահմեդականների նկատմամբ գոյություն ունեցող խոր անվստահությունն ու թշնամությունը: Սոցիալ-տնտեսական պատճառների առկայության դեպքում էլ այն երկրորդական նշանակություն ուներ, իրադարձությունների հիմքում ազգայնամոլությունն էր: Ստամբուլում  հիմնականում հույների, ինչպես նաև հայերի ու հրեաների դեմ երկու օր շարունակ պոգրոմ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կիպրոսի հարցը հրապարակ եկավ ու լուրեր տարածվեցին, թե պայթեցրել են Սալոնիկում  Աթաթուրքի տունը, որ դարձել էր թուրքական հյուպատոսարանի շենքը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սալոնիկի հարձակումը պարզապես սադրանք էր:

- Պետական կառույցներից բացի Ստամբուլի բնակչությունն էլ է մասնակցե՞լ ոչ մամեդականների կողոպուտին ու սպանություններին:

- Սեպտեմբերի 6-7-ի  իրադարձություններին պետությունը մասնակցել է անուղղակիորեն: ժողովրդական կրքեր բորբոքելուց հետո Ստամբուլի բնակչության զգալի հատվածը իր ազգային պարտքը համարեցեց  մասնակցել պոգրոմին:

- Կարո՞ղ ենք ասել, որ տեղի ունեցածը թուրքականացման քաղաքականության շարունակությունն է: Բացի այդ, նմանություն կա՞ «Բյուրեղապակյա գիշերվա» հետ, երբ 1938 թվականի նոյեմբերին Գերմանիայում սկսեցին հարձակվել հրեաների վրա ու կողոպտել նրանց ունեցվածքը:

- Սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները կարող ենք մեկնաբանել որպես թուրքականացման քաղաքականության շարունակություն: Վերջիվերջո, հաջողվեց հասնել հետապնդվող նպատակին. Ստամբուլում ապրող փոքրամասնությունները, վախենալով, լքեցին երկիրը: Ինչքան էլ 1930-ականների Գերմանիայի հասարակական ու քաղաքական պայմանները 1950-ականների Թուրքիայից տարբեր լինեն, այդուհանդերձ կարելի է երկու իրադարձությունների միջև որոշ նմանություններ տեսնել:

- Տեղի ունեցածում կառավարությունը մեղադրեց կումունիստներին: Այսօր պաշտոնական պատմագրությունը շարունակո՞ւ՞մ է այն սադրանք համարել: Պաշտոնական մակարդակով  իրողություններին առերեսման որևէ քայլ արվո՞ւմ է:

- Վերջին տարիներին հասարակական կազմակերպությունները շատ ազատ և բաց կարողանում են քննարկել սեպտեմբերյան իրադարձությունները: Հատկանշական է այդ քննարկումներին թուրք մտավորականության մասնակցությունը: Մյուս կողմից, պետական հարթությունում որևէ նշանակալի զարգացում չկա: Վերջին տարիներին սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունների  ընդհանուր մոտեցումը փոխվել է: Արվեստի աշխարհը, ակադեմիական համայնքը կարծես յուրահատուկ ուղերձներ հղեն թուրքական հասարակությանը: Այց հարցը մեծապես կապված է Թուրքիայի ընդհանուր իրողությունների հետ:

- Պոլսահայերը այս իրադարձությունների մասին շատ չեն խոսում, իսկ հույնե՞րը:

- Ստամբուլի հույների համար այն բաց վերք է: Ամենակարևորն այն է, որ հիմա թուրքական լիբերալ և ձախ ուղղվածության մի քանի  հասարակական կազմակերպություններ նման դեպքերը բացառելու համար կրթական նախաձեռնությամբ են հանդես գալիս ու հիշատակում տեղի ունեցածը:

Զրուցել է Գոռ Երանյանը