11 սեպտեմբեր, 2019 17:18

Քայլեր են ձեռնարկվում պետությանը վերադարձնելու Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից հողերը․ Փաշինյան

Քայլեր են ձեռնարկվում պետությանը վերադարձնելու Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից հողերը․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում։

Վարչապետի խոսքով՝  Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից հողերը յուրացվել են տարբեր անձանց, այդ թվում պաշտոնյաների կողմից։ 

«Բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, որ իմացել էին՝ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել էին, արդյունքում ստացել էին մի իրավիճակ, երբ կա ազատ տնտեսական գոտի՝ մի շենք ու ավտոկանգառ, ուրիշ ոչինչ։ Փաստացի տարածք չկար, այնտեղ գործողություն իրականացնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս տարվա օգոստոսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վեց անձի, այդ թվում Կարճևան համայնքի նախկին ղեկավարին (երկու դրվագ)՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, կեղծ աճուրդի գործընթացին մասնակցություն ունեցած համայնքապետարանի աշխատակցին և աճուրդների չորս մասնակիցներին` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար: Քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և այն ներկայում դատարանում է։

Գևորգ Թոսունյան