13 սեպտեմբեր, 2019 14:53

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր կարգավիճակի մասին հայտարարություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կամ գործընկեր երկրի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ․ սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելուն:

ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով` նախարարությունը տեսել է այդ մեկնաբանությունը դիտորդի ու գործընկեր երկրի կարգավիճակի հետ կապված և կարող է ասել, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը:

«Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ և չունենա տարածքային վեճեր հարևանների հետ»,- ընդգծեց Նաղդալյանը:

Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով