13 սեպտեմբեր, 2019 17:07

Չորս պատճառ՝ ինչու է խնդրահարույց բանկային գաղտնիքի մասին օրինագիծը

Բանկային գաղտնիքի մասին օրենքում Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած նախագիծը խնդրահարույց է մի շարք պատճառներով:

Առաջին․ քննիչին այն տալիս է մարդկանց ու կազմակերպությունների հաշիվները լայնորեն «քչփորելու» իրավունք` առանց որևե էական երաշխիքի ու պաշտպանության: Ավելին, այդ «փորփրումներն» անելիս, քննիչը փաստացի հնարավորություն է ստանում նաև հասանելիություն ունենալ հնարավոր հանցագործության հետ կապ չունեցող տեղեկատվության:

Երկրորդ․ մեղադրյալ կամ կասկածյալ չհանդիսացող անձանց բանկային տեղեկատվությանը հասանելիություն դատարանից խնդրելու համար հիմքերն այնքան հեղհեղուկ, վերացական ու սուբյեկտիվ են, որ դրանց տակ ամեն ինչ էլ կարելի է «սահեցնել»: Օգտագործված բառերն են «ծանրակշիռ», «վերաբերելի», «արժանահավատ», «բավարար» «էական», «ողջամտորեն»:

Երրորդ․ քաղաքացին կամ կազմակերպությունը փաստացի զրկվում է պաշտպանության իրավունքից, քանզի դատարանի որոշումը նրան հայտնի կդառնա միայն նախաքննության վերջում: Այսինք, եթե քննիչը խուզարկում է մարդու բնակարանը, ապա մարդն իրավունք ունի իմանալ այդ խուզարկության մասին ու ստանալ պրոֆեսիոնալ պաշտպանություն: Իսկ եթե քննիչը «խուզարկում» է անձի բանկային հաշիվը, ապա մարդը փաստացի զրկվում է պաշտպանվելուց:

Չորրորդ․ նախագիծն ուժի մեջ է մտնելու հրապարակումից տասը օր հետո: Սա առնվազն անթույլատրելի է: Ավանդատուն, հատկապես օտարերկրյա ավանդատուները, ովքեր մեր բանկերում ավանդ են դրել, իմացել են, որ ավելի քան քսան տարի մեր երկրում բանկային գաղտնիքի ռեժիմն ինչպիսին է: Հիմա շատ արագ այն փոխվում է, առանց ավանդատուներին ժամանակ տալու գնահատել ռեժիմի փոփոխությունը:

Բանկային գաղտնիքի ռեժիմի որևե փոփոխություն պետք է կատարվի առնվազն վեց ամիս անց` մարդկանց ժամանակ տալով կողմնորոշվել: Նույնիսկ այն երկրներին, որոնց գերտերությունները օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ստիպել են ռեժիմն ավելի ազատական դարձնել, բանակցել են անցումային երկար ժամանակաշրջան ունենալու համար: Հիմա մենք մեր ձեռքով այն շատ արագ փոխում ենք:

Առայժմ այսքանը:
 

***

Վարուժան Ավետիքյանը TK&Partners ընկերության գործընկեր է, Կենտրոնական բանկի նախկին գլխավոր իրավաբանը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: