14 սեպտեմբեր, 2019 13:54

Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցին պառակտման եզրին է․ BBC-ի անդրադարձը

BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Գրիգոր Աթանեսյանի և Օլգա Իվշինայի հոդվածը՝ Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարության և աշխարհիկ համայնքների միջև հասունացող ճգնաժամի մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

***

Տարիներ շարունակ բորբոքվող ներքին տարաձայնությունները ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկում արդեն մոտ ապագայում կարող են վերածվել մեծ ճգնաժամի։ BBC-ի ռուսական ծառայությունը պարզել է, որ հայկական աշխարհիկ համայնքների կուտակած պահանջները եպիսկոպոսին համընկել են Հայ առաքելական եկեղեցու ներսում եղած ընդդիմադիր շարժմանը, իսկ Ռուսաստանի հայկական աշխարհիկ համայնքների դժգոհ առաջնորդները արդեն մի քանի է ամիս է, ինչ շփվում են Հայաստանի խռովարար հոգևորականության հետ։

Սիբիրում, Պովոլժիեում և Ուրալում հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարները մեղադրում են ՀԱԵ-ի ռուսական թեմին թալանի, ագահության, ղեկավարման ավտորիտար համակարգի և սփյուռքում խռովություններ հրահրելու փորձերի մեջ։ Եկեղեցում ասում են, որ այս մեղադրանքների հետևում անգրագիտությունն ու փառասիրությունն են։

Միաժամանակ ՀԱԵ-ի հոգևորականության մի մասը բացահայտորեն համարում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբոր՝ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրասի գործողությունները կարող են տանել եկեղեցական կանոնների խախտման և անջատման (հերետիկոսության)։

Եթե ընդդիմադիր այս երկու ուղղությունները միավորվեն, դա կարող է հանգեցնել զուգահեռ եկեղեցու ստեղծման և փաստացի պառակտման։ 

Սակայն եկեղեցում տարաձայնությունները կա՛մ չեն նկատում, կա՛մ էլ փորձումեն արհամարհել։ Թեմական առաջնորդ Եզրասի մամուլի ծառայությունը BBC-ի բոլոր հարցերին պատասխանել է երեք նախադասությամբ, որոնք տանում են այն մտքին, որ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերի կյանքում որևէ խնդիր չկա»։

Ուդմուրտիայի հայ համայնքի ղեկավար Մնացական Առաքելյանը Իժևսկի վանքի մոտ«Եկեղեցի, թե առևտրային կետ»

«Սա իմ Լիանոչկան է։ Մենք հինգ տարի շարունակ չէինք կարողանում նրան կնքել, պատկերացնո՞ւմ եք։ Տասնյոթ անգամ թեմ ենք զանգահարել, խնդրել ենք քահանայի ուղարկել։ Ոչ ոք չի եկել»,- ասում է Արսեն Մոսոյանը՝ հեռախոսում ցույց տալով դստեր լուսանկարները։

Հույսը կտրելով, որ Մոսկվայից ՀԱԵ-ի քահանա կգա, Իժևսկի հայերը Հայաստանից են վանականի հրավիրել։ Այսպես նրանք հայտնվել են մի խնդրի կենտրոնում, որը տարիներով հասունանում էր Հայկական եկեղեցու ներսում, սակայն դուրս ժայթքեց միայն հիմա։ 

Արսեն Մոսոյանը արդեն 26 տարի է, ինչ ապրում է Իժևսկում։ Ավարտելով ծառայությունը Պսկովի օդա-դեսանտային դիվիզիայում՝ նա վերադարձել է Ուդմուրտիա և սկսել շինարարական բիզնես։ Երբ հայկական համայնքը որոշել է Իժևսկում վանք կառուցել, նա ինչով կարողացել է, օգնել է։ Աշխատանքից հետո ընկերների հետ ապագա եկեղեցու հիմքն է գցել, պատերը շարել և բետոնը թափել։

Եկեղեցու կառուցումը ֆինանսավորել են Ուդմուրտիայի հայկական հասարակական կազմակերպության անդամները՝ նախագահ Մնացական Առաքելյանը և նրա համակիր գործարարը Բաշկիրիայից։ Ըստ Մոսոյանի՝ ՀԱԵ-ի Ռուսաստանի թեմը շինարարությանը չի մասնակցել։

2012-ին, երբ եկեղեցու շինարարությունը ավարտվել էր, համայնքը դիմեց եպիսկոպոս Եզրասին՝ խնդրանքով, որ օծի եկեղեցին և քահանա ուղարկի։ Ի պատասխան՝ եպիսկոպոսը խնդրում է, որ եկեղեցու, ինչպես նաև դրա շրջակա տարածքի սեփականության իրավունքը անցնի թեմին և ընդունվի կանոնադրություն, որով ամբողջ իշխանությունը կտրվի Մոսկվայի կողմից նշանակված վանահորը։

Համայնքը այդ պայմանները կատարեց, սակայն տաճարը չօծեց։ Համայնքային կազմակերպության նախագահ Առաքելյանի խոսքով՝ թեմը առաջ է քաշել երկու լրացուցիչ պահանջ։ Համայնքից պահանջել են վճարել Մոսկվայից ուղարկված քահանային (բացի կատարած բոլոր ծեսերի եկամուտից) և թեմի «կայունացման ֆոնդին» նվիրաբերել 1,2 մլն ռուբլի։ Այս պայմանի մասին BBC-ի հարցադրմանը թեմում չպատասխանեցին։

«Այս ամենը կարծես ինչ-որ շորթում լիներ,- հոգոց է հանում Մոսոյանը։- Թեմի բոլոր խոսակցությունները միայն փողի մասին են։ Կարծես դա ոչ թե եկեղեցի լինի, այլ բիզնես կամ առևտրային կետ»։

Եկեղեցի կառուցելուց հետո Իժևսկի հայերը բախվել են թեմի մի շարք պահանջների

Համայնքի ներկայացուցիչները խնդրել են իջեցնել գինը և պահպանել իրենց ձայնի իրավունքը եկեղեցու ղեկավարման հարցերում՝ եկեղեցու, որը համայնքը կառուցել է իր գումարներով տեղական իշխանությունների կողմից անհատույց հատկացված հողի վրա։ Սակայն երկխոսությունը չի ստացվել։

Մոսկվայից նշանակած քահանան իրավաբանորեն դարձավ ծխական համայնքի ղեկավար, սակայն այդպես էլ չեկավ Իժևսկ։ Արդյունքում համայնքը արդեն յոթ տարի է՝ եկեղեցու տարածքում ազգային տոներ և երեխաների համար պարապմունքներ է անցկացնում, սակայն հենց եկեղեցին ու դրա կողքի քարե տունը քահանայի համար դատարկ են։

Նման իրավիճակը միայն Իժևսկում չէ։ Այդպիսի խնդիրներ այս կամ այն փուլում այժմ կարելի է նկատել Ալթայում, Կեմերովոյի, Կիրովի, Նովոսիբիրսկի և Սվերդլովսկի մարզերում։ Ավելի վաղ խնդիր կար նաև Ռիգայի ծխական համայնքում, որը ևս նույն թեմի մեջ է մտնում։ Աշխարհիկ համայնքի պահանջների մասին խոսում են նաև նախաձեռնողական խմբեր Մոսկվայում։

BBC-ն թեմի առաջնորդ Եզրասի հետ խնդրել էր հարցազրույց, սակայն մերժում ստացել։ 

Թեմի հոգևորականներից մեկը BBC-ի հետ հարցազրույցում ժխտեց աշխարհիկ համայնքների կողմից իրեն հասցեագրված մեղադրանքները, սակայն շատ չանցած հետ զանհագարեց և խնդրեց ոչ մի դեպքում իրեն չմեջբերել՝ ասելով, որ հարցազրույց տալու թույլտվություն չունի։

Ի պատասխան պաշտոնական հարցման, որտեղ մանրամասնորեն ներկայացված էին հնչած մեղադրանքները՝ թեմի մամուլի քարտուղարը ուղարկել է հետևյալ նամակը (ներկայացված է ամբողջությամբ)․ 

«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀԱԵ-ի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կյանքում ոչ մի խնդիր չկա։ Եթե որոշ անձինք, ելնելով սեփական չարչի նպատակներից, չարաշահում են ծխական կառույցը, դա ծխական համայնքի խնդիրը չէ։ Հետևաբար Ձեր բարձրացրած հարցերը ոչ մի կերպ կապված չեն թեմի և եկեղեցական համայնքների միջև հոգևոր-ազգային գործունեության հետ»։

Հայ քահանաներ չեն լինի, միայն՝ ռուս

Ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար եկեղեցին ավելին է, քան աղոթատեղի։ Միջնադարում պետականության կորստից հետո հայկական համայնքները հավաքվում էին եկեղեցիների շուրջ։ Այնտեղ որոշվում էին հասարակական կյանքի մասին հարցերը, պահպանվում էին ավանդույթները և ստեղծվում գործնական կապեր։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսական շրջաններում հայկական համայնքները ևս սկսեցին ակտիվորեն եկեղեցիներ կառուցել, որպեսզի պահպանեն ավանդույթները և հաջորդ սերունդներին փոխանցեն լեզուն ու ազգային մշակույթը։ Սակայն այդ եկեղեցիներից շատերը հիմա դատարկ են։ Եվ գրեթե ամենուր խոսում են այն մասին, որ դա համակարգային խնդիր է՝ կապված  եկեղեցական ղեկավարության հետ ունեցած հարաբերությունների հետ։

Իժևսկում եկեղեցին դատարկ է համայնքի և թեմի ղեկավարների միջև փակուղու պատճառովԱյսպես փակվեց Նովոկուզնեցկի եկեղեցին Կեմերովոյի մարզում։ Եկեղեցին կառուցել էր տեղի համայնքը, և նա էլ վճարում էր Մոսկվայից ուղարկված քահանայի աշխատավարձը։ Սակայն թեմը բարձրացնում էր խորհրդի և ծիսակատարությունների անցկացման գները։ Ծխականները սկսեցին իրենց դժգոհությունը արտահայտել, և քահանան ուղղակի հեռացավ՝ պատճառաբանելով մարզի խիստ կլիման։

«Այսպես փակեցին մեր եկեղեցին։ Իսկ ո՞վ պիտի հիմա այնտեղ մոմ վառի։ Առնետները»,- վշտանում է Գիորգի Անտոնով-Միրզախանյանը՝ Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավարը։

Թեմում փակված եկեղեցիների մասին BBC-ի հղած հարցին չպատասխանեցին։

Նովոսիբիրսկում խնդիրը հասավ դատարան։ Ինչպես և ամենուր, համայնքը իր միջոցներով եկեղեցի էր կառուցել և հողատարածքի ղեկավարումը հանձնել ՀԱԵ-ի տեղական մասնաճյուղին՝ ընդունելով Մոսկվայից ուղարկված ծխական կանոնադրությունը։

Ապա ծխական խորհրդի և Մոսկվայից ուղարկված քահանայի միջև տարաձայնություններ սկսվեցին։ Քահանայի հետ մեկենասների հերթական վիճաբանությունից հետո վերջիններս եկեղեցու ջեռուցումը և էլեկտրականությունը անջատեցին ու հեռացան։

Թեմի որոշմանն ի պատասխան՝ ծխական խորհուրդը լուծարվեց․ ավագներին փոխարինեցին Մոսկվային հավատարիմ մարդիկ։

«Մեզնից գողացել են ամենասուրբ բանը՝ հավատը»,- ասում է Նովոսիբիրսկի մարզի հայերի հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ դա համարում է ավազակային բռնագրավում։ Նրա եղբայր Էդիկը, որը ծխական խորհրդի նախկին անդամ է, թեմի դեմ հայց է ներկայացրել՝ փորձելով վիճարկել խորհրդի լուծարումը։ Սակայն դատարանը եկեղեցական հոգևոր պետերի գործողությունները օրինական է ճանաչել։

Լրիվ նույն կերպով Կիրովի մարզի ծխական խորհուրդը, որի իրավունքները սահմանափակվել էին Մոսկվայի կողմից գրված կանոնադրությամբ, կորցրեց սեփական միջոցներով կառուցած եկեղեցու վրա ունեցած վերահսկողությունը։ BBC-ին տված հարցազրույցում շինարարության գլխավոր հովանավոր Ֆուրման Աբրամյանը պատմեց, որ արքեպիսկոպոսի հետ բոլոր կապերը խզել է և նրա գործողությունները անարժան է համարում։

Սեպտեմբերի 1-ին Գորնո-Ալտայսկում հայկական խաչքարն օծել է ռուս քահանանԻրարից անկախ Ալթայի Հանրապետության և Կեմերովոյի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչները որոշել են չդիմել ՀԱԵ-ի քահանաներին խաչքարների օծման համար։ Ըստ համայնքի ղեկավարների՝ ռուս քահանաներ հրավիրելու որոշումը եղել է այն բանից հետո, երբ Հայկական եկեղեցում հայտարարել են, որ կօծեն քարերը, միայն եթե հողատարածքը, որտեղ դրանք գտնվում են, անցնի թեմին։

«Նրանք հայ ազգի հովիվներ չեն, այլ ինչ-որ մաֆիա»,- ասում է Գիորգի Անտոնով-Միրզախանյանը Կեմերովոյից։

Դրանից հետո նրանք որոշեցին, որ «միջոցաոռւմներին այլևս հայ քահանաներ չեն լինի, այլ միայն ռուսներ», և օգնություն խնդրեցին Ռուս ուղղափառ եկեղեցու քահանաներից։ Ռուս քահանաները խաչքարներ են օծել նաև Թաթարստանում և Վոլոգդայի մարզում։

ՀԱԵ-ի թեմում համայնքի մի մասի՝ փաստացի Ռուս ուղղաափառ եկեղեցու կողմ անցնելու մասին տրված հարցին չպատասխանեցին։

Ոչ միայն մարզերը

Ռուսական քաղաքներում բազմաթիվ խնդիրները կարելի էր ընդունել կենտրոնական իշխանության և մարզերի դիմակայության տրամաբանության մեջ։ Սակայն Մոսկվայի հայկական համայնքում ևս միասնություն չկա։

«Հայկական եկեղեցին «զավթել են» մարդիկ, ովքեր զբաղված են ուրիշների սեփականության գլոբալ յուրացմամբ»,- BBC-ի հետ հարցազրույցում ասում է Ռուբեն Գրիգորյանը՝ Մոսկվայում ՀԱԵ-ի վանական համալիրի կառուցման մեկենասներից մեկը և կապալառու ընկերության սեփականատերը։

Եկեղեցու շինարարության մեջ ունեցած դերի համար նա պարգևատրվել է ՀԱԵ-ի բարձրագույն պարգևով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշանով, սակայն արքեպիսկոպոս Եզրասի հետ ունեցած կոնֆլիկտից հետո նա չի գնում եկեղեցի և աջակցում է ՀԱԵ-ի ղեկավարությանը փոխելու պահանջին։

2015-ին Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում բացվեց հայկական թանգարան, սակայն շուտով հրաժարվեցին թանգարանին տարածք տրամադրել

2015-ին Գրիգորյանը, ոգեշնչվելով մոտակայքում բացված Հրեական թանգարանով և հանդուրժողականության կենտրոնով, հովանավորել էր եկեղեցու տարածքում Մոսկվայի՝ Հայկական ազգային մշակույթի թանգարանի ստեղծումը։ Սակայն բացումից շատ չանցած արքեպիսկոպոս Եզրասը որոշել է ստեղծել իր սեփական թանգարանը և տարածքից զրկել է մեկենասին ու նրա թանգարանին։ Թեմում հայտարարել են, որ Գրիգորյանը միջոցառումը կազմակերպել է առանց հոգևորականների օրհնության, իսկ թանգարան մտնելը դարձել է վճարովի։ Մեկենասը հերքում է այս փաստերը։

«Ռուսաստանի մայրաքաղաքի հայ երիտասարդության վերաբերմունքը դեպի ՀԱԵ-ի հոգևոր պետը լրիվ բացասական է»,- կարծում է Ռուսաստանի հայերի միության համահիմնադիր և Գրիգորյանի ստեղծած թանգարանի ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ հոգևորականությունը «ոչ մի շփում չունի հայ երիտասարդության հետ»։ 

Իրար չհասկանալու գլխավոր դրվագը և բարդ հարաբերությունների օրինակ Տոնոյանը համարում է Մոսկվայում 2018-ի ապրիլին Հայկական եկեղեցական համալիրի՝ Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը։ Այն ժամանակ մի քանի հարյուր մոսկվայաբնակ հայեր հավաքվել էին եկեղեցու տարածքում՝ Երևանում քաղաքական ցույցերին աջակցելու համար։ Շատ չանցած եկեղեցուն մոտեցան ուժեղացված ոստիկանական ջոկատներ, մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեց։ Ինքը՝ Տոնոյանը, այդ օրը բերման է ենթարկվել հենց քահանաների հետ զրույցի ժամանակ։ Նա մինչև հիմա համոզված է, որ հատուկ նշանակության ջոկատներին կանչել է արքեպիսկոպոս Եզրասը։ Հայկական ԶԼՄ-ներում այս միջադեպի մասին հրապարակումներին ի պատասխան՝ թեմի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ դա ճիշտ չէ, իսկ ոստիկանություն կարող էին կանչել հարևան տների բնակիչները։

Քսան տարվա քահանայապետության ընթացքում Գարեգին Բ-ն քանիցս մեղադրվել է ավտորիտարիզմի համարՀիվանդագին կենտրոնացում

Համայնքի մեղադրանքները և պահանջները վերջին հաշվով ուղղված են Հայկական եկեղեցու գլխին գտնվող երկու անձանց՝ ՀԱԵ-ի՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմերի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին (Ներսիսյան) և նրան այդ պաշտոնում նշանակած ավագ եղբորը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Գարգեին Բ-ն գլխավորում է ՀԱԵ-ն 1999-ից։ Անցած քսան տարիների ընթացքում աշխարհիկները, քահանաները և նույնիսկ երկու հայ պատրիարքներ՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի, քննադատել են նրան եկեղեցական կյանքի նյութական կողմի հանդեպ ունեցած չափից շատ հակվածության և ղեկավարման ավտորիտար համակարգի համար։

Գարեգին Բ-ի օրոք եկեղեցական իշխանությունը կենտրոնացնելու ձգտումը դարձավ ՀԱԵ-ի և սփյուռքի միջև գլխավոր խնդիրը, ասում է Օքսֆորդի համալսարանի Արևելքի ինստիտուտի պրոֆեսոր Հրաչ Չիլինկիրեանը։ 

«Կենտրոնացման գլխավոր գործիքը դարձավ Հայկական եկեղեցու միասնական կանոնադրությունների ներմուծումը ամբողջ աշխարհում»,- ասում է Չիլինկիրեանը։ Այդ կանոնադրությունները, ըստ Չիլինկիրեանի, համայքներում կռիվներ և անհամաձայնություններ են առաջացրել, դրանք դարձել են մի շարք խնդիրների պատճառ՝ դադարեցնելով շատ արժանի քահանաների գործունեությունը, և «ծնել են անվստահություն դեպի եկեղեցական առաջնորդները»։

Հայկական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Գարեգին Բ-նավելի շատ քահանաների և վանականների է կարգալույծ արել, քան վերջին 300 տարում բոլոր նախկինները՝ միասին վերցրած։ Չիլինկիրեանի կարծիքով՝ չնայած, որ կարգալույծ արված քահանաների հստակ թիվը հայտնի չէ, այն, ըստ պատմական չափանիշների, վստահաբար շատ մեծ է։

Ռուսական սփյուռքի ներկայիս խնդիրը եզակի է իր մասշտաբով, սակայն կաթողիկոսի՝ արտասահմանյան թեմերի վրա վերահսկողություն հաստատելու փորձերը արդեն մեծ սկանդալի պատճառ են դարձել։ 2011-ին Նիցցայի և Ժնևի համայնքները դուրս են եկել ՀԱԵ-ի ենթակայությունից։ Նրանք հրաժարվել են ընդունել Հայաստանից պարտադրվող կանոնադրությունը և քահանաներին։

ՀԱԵ-ի թեմի հետ կոնֆլիկտի արդյունքում Ռուսաստանի ծխական համայնքները կապեր են հաստատում եկեղեցական ընդդիմության հետԱշխարհիկ քաղաքականությունը և եկեղեցական ընդդիմությունը

2018-ին Նիկոլ Փաշինյանի՝ նոր վարչապետ ընտրվելուց շատ չանցած, կաթողիկոսի դեմ բացահայտ ընդդիմություն սկսվեց նաև Հայաստանի ներսում։ 

2018-ի զանգվածային ցույցերի ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ամբոջ երկրում հասան իշխանության խաղաղ փոխանցման, հոգևորականության և հավատացյալների մի խումբ որոշեց, որ եկել է նաև եկեղեցու ներսում բարեփոխումներ անելու ժամանակը։

Միանալով «Նոր Հայաստան, նոր պատրիարք» շարժմանը՝ նրանք պահանջում էին կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների հրաժարականը և նոր առաջնորդի ընտրության անցկացում։

Շարժման հոգևոր առաջնորդը դարձավ խարիզմատիկ վանական-ավանդապաշտ հայր Կորյունը (Առաքելյան)՝ հայկական քրիստոնեության ամենահին տաճարի՝ Մայր Աթոռ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու վանահայրը։

Հայր Կորյունը, որը Սիրիայում և Եգիպտոսում ուսումնասիրում էր ՀԱԵ֊ի հավատակից հինարևելյան եկեղեցիների վանական կյանքը, մեծ համբավ է վայելում որպես ավանդույթների հետևորդ և հետխորհրդային Հայաստանում բացառապես տղամարդկանց մենաստանի, ինչպես նաև եղբայրության ստեղծող։

«Մեր կաթողիկոսը չունի այն հավատը, որը յուրաքանչյուր հասարակ հավատցյալ տածում է Աստծո հանդեպ,- 2018-ի հունիսին լրագրողների հետ զրույցում նշում էր հայր Կորյունը։- Եկել է մեր եկեղեցու ազատագրման և մաքրման ժամանակը, մենք պետք է ունենանք օրինակելի վարքագծով անբասիր պատրիարք, որն աղոթքներ կկարդա ու իրապես կսիրի իր հավատացյալ հոտը»։

Ի պատասխան՝ կաթողիկոսը հայր Կորյունին կարգալույծ արեց «ոչ պատշաճ վարքագծի և հակականոնական գործունեության համար» և հեռացրեց նրան վանքի ղեկավարի պաշտոնից։

Հայաստանում իշխանափոխությունից հետո Կորյուն քահանան պահանջում էր կաթողիկոսի հրաժարականըՈրոշմանը հրապարակորեն աջակցեցին մի շարք եպիսկոպոսներ, իսկ Շիրակի թեմի եպիսկոպոս Միքայելը (Աջապահյան) ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց վանականի «բարոյական մահվան» մասին։

BBC-ի թղթակցի հետ զրույցում հայր Կորյունը հերքեց այդ մեղադրանքները։ Նրա խոսքով՝ եկեղեցու իրական առաջնորդը ոչ թե «հերետիկոսության մեջ ընկած» Գարեգին Բ-ն է, այլ Հիսուս Քրիստոսը։

Վանականը համոզված է, որ հենց նոր կաթողիկոս ընտրվի, նա անմիջապես կվերականգնի իր նախորդի կողմից կարգալույծ արված բոլոր քահանաներին։

2018-ի ապրիլի Թավշյա հեղափոխության ժամանակ ՕՄՈՆ-ը ցրեց հայերի հավաքը Մոսկվայի եկեղեցու մոտՈւղղափառ-բարեփոխիչ

Հոգևոր աստիճանից զրկումը վանականին չի կանգնեցրել։ Չնայած, որ պաշտոնապես նա անգամ եկեղեցական հագուստ կրելու իրավունք չունի, ապրիլին, գլխավորելով ոչ մեծ համախոհների խումբը, եկավ Իժևսկ՝ տեղի համայքնի ղեկավարի հրավերով։ Այնտեղ նա պատարագ մատուցեց և մկրտեց մի քանի տասնյակ մարդու։

«Հայր Կորյունը զարմացրեց մեզ։ Ժամանեց, անվճար կնքեց երեխաներին։ Նաև երգեց, լուսավորեց, աղոթեց։ Իրեն համեստ էր պահում, քիչ ուտում։ Զարմանալի մարդ»,- պատմում է Արսեն Մոլոյանը, որը հինգ տարի է, ինչ սպասում է, որ պաշտոնական եկեղեցին իրենց քաղաք քահանա ուղարկի։

Մոլոյանն ասում է, որ հայր Կորյունի հետ ծանոթանալուց հետ այլևս չի ուզում դիմել «Եզրասի անհոգի քահանաներին Մոսկվայից»։

BBC-ի հետ հարցազրույցում հայր Կորյունը առաջին անգամ պատմեց, որ մասնակցելու է ռուսկաան ծխական համայնքների համար քահանաների պատրաստմանը՝ խզելով ՀԱԵ-ի հոգևոր պետերի հետ հարաբերությունները։

Նրան աջակցում է նաև Ռուսաստանում ապրող արքեպիսկոպոս Տիրանը (Կյուրեղյան), որին ևս կաթողիկոսը կարգալույծ է արել՝ թեմի առաջնորդ Եզրասի հետ ունեցած շարունակական տարաձայնություններից հետո, ինչը 2000-ականների սկզբին ցնցել էր հայկական համայնքը։

Արքեպիսկոպոս Տիրանը Ռուսաստանի թեմի ղեկավարն էր մինչև Եզրասը։ Եվ դատելով ամեն ինչից՝ նա, հնարավոր է, գլխավորի այս նոր կառույցը, որին կարող են միանալ կաթողիկոսին և նրա եղբորը չենթարկվող ծխական համայնքները։

Հայր Կորյունը կարծում է, որ Գարեգին Բ-ն հերետիկոս է և պետք է հրաժարվի գահից Առանց եկեղեցու առաջնորդի օրհնության նոր քահանաներ ձեռնադրելը փաստորեն նշանակում է այլընտրանքային կառույցի ստեղծում։ Հայր Կորյունը ասում է, որ անկախ ծխական համայնքների ստեղծումը պառակտում չի համարում։ Նրա համոզմամբ՝ եթե կաթողիկոսը մոլորության մեջ է և խախտում է եկեղեցական կանոնները, ապա վանականները ազատ են նրան չենթարկվելու։

«Ինձ համար եկեղեցին Գարեգինը չէ, այլ մեր սուրբ հայրերը,- ասում է հայր Կորյունը։- Ավելի լավ է՝ ես հայրերի հետ գնամ դժոխք, քան նրա հետ՝ դրախտ»։ Նա ժպտալով հավելում է․ «Կատակում եմ»։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Գլխավոր լուսանկարում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի ու Նոր նախիջանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիկսոպոսը (ձախից) Մոսկվայի հայկական եկեղեցում, 14․06․2018թ․։