16 սեպտեմբեր, 2019 17:25

Կառավարությունը ճնշումով որոշում չի կայացնելու. վարչապետը՝ Ամուլսարի հանքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 16-ի ասուլիսին անդրադարձավ Ամուլսարի հանքի խնդրին։ Նա վերահաստատեց նախկինում արտահայտած դիքորոշումը, որ կառավարությունը փորձում է պարզել հանքի մասին ճշմարտությունը. «Ամուլսարի հարցում մենք գնալու ենք ճշմարտության հետևից, մեզ որտեղ էլ բերի, մենք կկայացնենք այդ որոշումը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին օրվանից սկսված կառավարությունն Ամուլսարի հանքի շուրջ աշխատանքներում 100% թափանցիկ է աշխատում։

«Մենք ասում ենք, որ այս հարցում մենք պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից, և ճշմարտությունն ինքը պետք է բերի այս կամ այն որոշման։ Ես ակնկալում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չի տրվի, այդ թվում՝ իմ կողմից սիրված ընկերների կողմից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը չպետք է առաջնորդվի էմոցիաներով. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ պնդում են՝ այսպես պետք լինի և վերջ, այլ ճանապարհ չկա։ Եթե որևէ ակտիվիստ կարող է այդպես ասել, կառավարությունն այդպես չի կարող ասել։ Կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է հիմնված լինեն օրենքի վրա, իրավական լինեն ու բխեն օրենքից ու Սահմանադրությունից»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունը հանքի շահագործման վերաբերյալ որոշում չի կայացրել. «Կառավարությունը չի որոշել տալ թույլտվություն, թե՝ ոչ, դա մեզնից առաջ տվել են։ Կառավարությունը պետք է որոշի՝ կա՞ այդ որոշումը չեղյալ անելու հիմք, թե՞՝ ոչ, հակառակ դեպքում Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշը էական անկում կապրի։ Կառավարությունը ճնշումով որոշում չի կայացնելու, կառավարությունը կայացնելու է որոշում՝ ճշմարտության, օրենքի, Հայաստանի ազգային և պետական շահերի վրա հիմնված»,- ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թեղուտի հանքի մասին

Ասուլիսի ընթացքում վարչապետը բերեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի օրինակը, ասաց՝ երբ արձակուրդում էր՝ Թեղուտի պոչամբարի պատնեշի շուրջ աղմուկ բարձրացավ. «Արձակուրդից հետո վերադարձել եմ աշխատանքի, և կառավարության անդամները մտել են ինձ մոտ, ասել են՝ Թեղուտի հանքի շահագործումը պետք է դադարեցնել, որովհետև էնտեղ կա ահա այսպիսի խնդիր, հենց հիմա կքանդվի այդ պատվարը և հազարավոր զոհեր կլինեն։ Ես ի՞նչ եմ արել այս պարագայում. համապատասխան տեսչական մարմիններին ուղարկել եմ ստուգման, որոնք եկել են ու ասել՝ տեսանելի ապագայում այդ պատվարը չի քանդվի»։ Նա հավելեց, որ հանքի օգտագործողին պարտավորեցրել են միջազգային մակարդակի փորձաքննություն իրականացնել։

«Ես անձամբ շատ շահագրգռված եմ եղել, որ Թեղուտի հանքը բացվի, որովհետև հասկացել եմ՝ եթե այդ հանքը էս վիճակում անտեր մնացել է, ինքն իրենով արդեն էկոլոգիական խնդիր է։ Պետք է ամեն ինչ անել, որ լինի սուբյեկտ, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա նրա առաջ դնել պայմաններ։ Բացի այդ, մենք մարդկանց խոստացել ենք աշխատատեղեր վերականգնել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ եթե ճիշտ լիներ «բնապահպան գործընկերների ասածը», ապա Թեղուտի տարածքում մինչ այս տեղի ունեցած 2-3 բալանոց երկրաշարժը պետք է քանդեր այդ պատվարը։

«Հիմա որևէ մեկն ասե՞լ է՝ ներողություն, ես սխալվել եմ։ Ոչ մեկ չի ասելու, ընդհակառակը, պաշտպանելու են իրենց դիրքորոշումը, ասելու են՝ կոռումպացված եմ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Հայաստանի հյուսիսում` Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Հեռավորությունը մարզի վարչական կենտրոն Վանաձոր քաղաքից մոտ 70 կմ է, և 32 կմ՝ Ալավերդի քաղաքից, որն իր մեծությամբ երկրորդն է Լոռու մարզում: 2018թ․ սեպտեմբերից «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարել է լինել «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմում։ Ներկայում այն շահագործում է ՎՏԲ բանկի ենթակայությամբ գործող «Թեղուտ» ընկերությունը։

Հանքարդյունաբերության մասին

«Ես հանքարդյունաբերություն երևույթով հիացած չեմ և լավ չեմ վերաբերվում այդ երևույթին, բայց այն դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը նույնպես ընդունելի չէ մեզ համար ու հակասում է մեր երկրի ազգային, անվտանգային շահերին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա հիշեցրեց, որ Հայաստանը կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր է և պարտավոր է քննարկել «վատթարագույն դեպքերն ու այդ պարագայում երկրի կարիքները հոգալու միջոցները»։

«Եթե պատերազմ սկսվի, տնտեսական ու անվտանգային ամենամեծ խնդիրն առաջանում է, երբ երկիրը չի ունենում արտարժույթ։ Եկեք արձանագրենք, թե մեր երկրում արտարժույթի աղբյուրները որոնք են. առաջին ամենաթարմ աղբյուրը, որն այս տարի մեր երկրին բերել է 351 մլն դոլար, դա զբոսաշրջությունն է, բայց երբ երկրում պատերազմ է սկսվում, ոչ միայն նոր զբոսաշրջիկ չի գալիս, այլ եղածները գնում են։ Երկրորդը գյուղմթերքի արտահանումն է»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ այս պարագայում էլ պատերազմի դեպքում երկիրը այդ հնարավորությունից զրկվում է, այդ թվում՝ զրկվում է արտահանման մյուս եղանակներից։


«Ռազմական դրության պայմաններում բոլոր ռեսուրսները, որ կարող են օգտագործվել, կենտրոնացվում են։ Նման պայմաններում միակ աղբյուրը, որ Հայաստանին կարող է բերել արտարժույթ, որքան էլ մեզ բոլորիս, նաև իմ նման բնությունը սիրողների համար, տհաճ լինի, միակ աղբյուրը հանքարդյունաբերությունն է»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։

Վարչապետը այս օրինակը բերելով՝ շեշտեց, որ հանքարդյունաբերությունից հրաժարվելը, նշանակում է հարված հասցնել երկրի անվտանգությանը։ Մյուս կողմից նա փաստեց, որ ներկայում կա խնդիր հանքերի հետ։

«Ենթադրենք հիմա ես որոշեցի, որ Ամուլսարի հանքը փակում ենք, հաջորդ պահին՝ մենք միջազգային հանրության առաջ պետք է պատասխանենք մի հարցի, եթե մենք այդքան բնապահպանական երկիր ենք, ինչո՞ւ մինչև հիմա չենք փակել Զանգեզուրի, Զոդի և մյուս հանքերը ու հանկարծ որոշել ենք այս նախագիծը դադարեցնել։ Ընդ որում՝ այս նախագիծը մի քանի հանքերից բարձր է ու Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, և մենք որոշել ենք փակել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս պահին Սևանին ավելի շատ վնաս են հասցնում հարակից տարածքի համայնքների կոյուղիները, քան Զոդի հանքավայրը Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպել է Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ ու ասել՝ «նման կերպով հանքը չեն շահագործելու»։ Վարչապետը նրանց ժամանակ է տվել՝ խնդիրները շտկելու համար։

***

Օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը։ Փորձաքննության կատարումը հանձնարարվել էր լիբանանյան Advanced Resources Development (ELARD) ընկերությանը: Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը հատկացրել էր 400 հազ․ դոլար։


Ջերմուկի և հարակից որոշ գյուղերի բնակիչները մեկ տարուց ավելի է՝ փակել են Ամուլսարի հանք տանող մուտքերն ու պահանջում են հանքի շահագործումը դադարեցնել։ Նրանց միացել են մի խումբ բնապահպաններ, քաղաքացիական նախաձեռնություններ ու կուսակցություններ, որոնք մեկ ամսից ավելի է պարբերաբար ցույցեր ու երթեր են իրականացնում Երևանում՝ նույն պահանջով։

Գևորգ Թոսունյան