16 սեպտեմբեր, 2019 15:38

Հանրապետությանը ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից․ Նիկոլ Փաշինյան

«Մեր նպատակն է ունենալ անկախ դատական համակարգ։ Հանկարծ էնպես չստացվի, որ մենք նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանությունից կախված դատական համակարգով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսին՝ պատասխանելով լրագրողի՝ դատական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու գործընթացի մասին հարցին։

Ըստ վարչապետի՝ ԲԴԽ-ի կազմը էական համալրվել է, ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարություն, որտեղ ներգրավված է վեթինգ կոչվող գործընթացը։ Նա նշել է, որ վեթինգ բառը ուշադրությունը բովանդակությունից շեղում է անվանման վրա։ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում հակակոռուպցիոն երկու մարմին են ստեղծելու, որոնցից մեկը զբաղվելու է նաև դատավորների և մյուս պաշտոնյաների գույքային կարողությունների գնահատմամբ։

«Հայաստանում դատական իշխանության հետ կապված խնդիրները օրախնդիրներ են և հրատապ են, բայց այնուամենայնիվ շատ լուրջ քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզմանը, որ այստեղ է պետք է գնալ վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով, որպեսզի չստացվի՝ ափալ-թափալ ինչ-որ խնդիր լուծելու համար իրականում ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խնդրի ձևակերպումն ենք փոխում», - ասել է Փաշինյանը՝ եզրափակելով․ «Հիմա Հայաստանի Հանրապետությանը ամենաապիկար վտանգները սպառնում են Հայաստանի դատական համակարգից»։


Լուսինե Վարդանյան

Կարդացե՛ք նաև․ 

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու միջնորդագիրը

Հանքարդյունաբերության դեմոնիզացիան հարվածում է երկրի անվտանգությանը․ վարչապետ