16 սեպտեմբեր, 2019 15:22

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու միջնորդագիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։ Այս մասին վարչապետն ասաց սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսին։

Հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենը ձեզ երբևէ հրաժարականի դիմում ներկայացրե՞լ է, թե ոչ, վարչապետը պատասխանեց․

«ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ, համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։ Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների ընթացքում և  փոխադարձ համաձայնությամբ: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել։ Այդ սցենարները կքննարկվեն հընթացս»։

Փաշինյանը նշեց, որ «այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի եզրափակիչ դուրս բերելու կարևոր խնդրի վրա»։

Լրագրողի հարցին, թե ո՞րն է պատճառը, արդյոք գոհ չէ՞ Վանեցյանի աշխատանքից, Փաշինյանը պատասխանեց․ «ԱԱԾ տնօրենի աշխատանքը այն աշխատանքը չէ, որի մանրամասները կարող ենք հրապարակայնորեն քննարկել»։