16 սեպտեմբեր, 2019 16:44

Չի եղել մի դեպք, երբ Վանեցյանն ասի՝ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին։

Վանեցյանն այսօր ԱԱԾ կայքում հրապարակված իր հրաժարականի դիմում ասել է․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

«Ես պաշտոնապես ասում եմ, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ Վանեցյանն ասի՝ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, չի եղել մի դեպք։ Այսինքն՝ ինձ համար հասկանալի չէ՝ ինչի մասին է նա ասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Այն բանից հետո, երբ լրագրողը շարունակեց հարցեր հղել հրաժարականի մասին, Փաշինյանը հավելեց․ «Ես ասում եմ՝ առաջին անգամ եմ լսում նման բան։ Առաջին անգամ եմ լսում»։ 

«Հրաժարականի պատճառը ինձ հայտնի է։ Հրաժարականի պատճառն այն է, որ ես չուզեցի ավելի սուր ձևակերպեմ, ես ասացի՝ փոխադարձ համաձայնությամբ։ Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել նրա հետ, որի արդյունքում ինքը դիմում է գրել։ Հիմա Ազգային անվտանգության ծառայությունը այն ոլո՞րտն է, որ պիտի հրապարակային քննարկենք։ Ամուլսարի հարցով այդքան նրբությունները բացահայտեցինք, բայց գոնե էս դեպքում, հույս ունեմ, հասկանում ենք իրավիճակի նրբությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Լուսինե Վարդանյան