18 սեպտեմբեր, 2019 16:56

Էլեկտրաէներգիայի և գազի կորուստների նվազում է գրանցվել․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տվյալներ ներկայացնելով Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների մակարդակի վերաբերյալ։

«2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4,9% կամ 58,4 մլն խմ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7,2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8,2%, 2017-ին՝ 9,1%, 2016-ին՝ 10,7%:

Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6,3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կՎտժ»,- գրել է Փաշինյանը։