18 սեպտեմբեր, 2019 10:02

10 հակափաստարկ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերին

Սեպտեմբերի 16-ին հրավիրած ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճակագրական 100 փաստ ներկայացրեց լրագրողներին։ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է վարչապետի ներկայացրած 100 փաստերը և ներկայացրել 10 հակափաստարկ՝ տնտեսական հարցերի վերաբերյալ:

Փաստ 1. 2019թ. 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս...

Հակափաստարկ. ՀՆԱ-ի իրական աճի տեմպը ՀՀ ՎԿ-ի կողմից հաշվարկվում և հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, ուստի 6,8%-ը վերաբերում է ՏԱՑ-ին և ոչ ՀՆԱ-ին:

Փաստ 2.  2019թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:

Հակափաստարկ. 2019թ. առաջին կիսամյակում  հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) արձանագրել են 24,5% աճ՝  կամ նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել շուրջ  141 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, իսկ 152 միլիարդը կամ 25,1% աճը վերաբերում է պետական բյուջեի եկամուտներին, այլ ոչ թե հարկերի և տուրքերի մեծությանը:

Փաստ 9. 2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Ընդհանուր առմամբ 2019թ․ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ: -Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով աճել են:

Հակափաստարկ. Համաձայն ՀՀ ՎԿ տվյալների՝ 2019թ. առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,3% աճ: Ի թիվս ըստ առանձին երկրների վիճակագրական թվերի որոշ անհամապատասխանությունների, ուշագրավ է նշել, որ համաձայն հյուրանոցային տնտեսություններում հաշվառված զբոսաշրջիկների՝ Միացյալ Թագավորությունից այցելող զբոսաշրջիկները շուրջ 66,5%-ով նվազել են:

Փաստ 12. 2019թ․ 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել և գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ [..․]Էական աճ է արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս։

Հակափաստարկ. Արտահանման ծավալների աճ արձանագրած ապրանքատեսակներից  ոսկերչական իրերի դեպքում աճը եղել է  18,4%:

Փաստ 13. 2019թ. առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. Ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426,2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004,.5 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94,5%-ով կամ 182,2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15 100 տոննայով:

Հակափաստարկ. Տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս իրականացվող փոփոխությունների արդյունավետությունը, քանի որ 2019թ. առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտը 7,4%  անկում է գրանցել:

Փաստ 14.  2019թ. հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝  գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90,5%-ով:

Հակափաստարկ. Ըստ ՀՀ ԿԲ-ի տրամադրված տվյալների միայն բանկային համակարգով տրամադրված հիփոթեքային վարկերը դիտարկվող ժամանակահատվածում աճել են 275%-ով:

Փաստ 16. 2015թ. ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019թ․ հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2,1%-ով:

Հակափաստարկ. Դիտարկվող ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի նվազումը պայմանավորված է ոչ թե արդյունավետ կառավարմամբ, այլ հիմնականում ԱՄՆ դոլարի նկատմամբ ազատ փոխարկելի տարադրամի և եվրոյի  արժեզրկմամբ:

Փաստ 19. Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ ամենակարևորն է, այն քիչ տատանողական է: 2019թ․ հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1,9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1,7 տոկոս։

Հակափաստարկ. Խոսքը ոչ թե հուլիսին 12-ամսյա գնաճի ցուցանիշին է վերաբերում,  այլ  2019թ. հուլիսը  2018թ. հուլիսի նկատմամբ, երբ գնաճը կազմել է 1,7%: Ընդ որում՝ դիտարկվող ժամանակահատվածում առաջին անհրաժեշտության որոշ պարենային ապրանքների գները կտրուկ աճել են. կարտոֆիլի գինն աճել է 75,4%-ով, ձվի գինը՝ 38,9%-ով, թռչնամսինը՝ 13,6%-ով, բանջարեղենինը՝ 11,7%-ով, մակարոնեղենինը՝ 8.4%-ով, և այլն:

Փաստ 53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 000 դրամից 68 000 դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 000 մարդու, պետական ոլորտում՝ 35 000-ին:

Հակափաստարկ. Չենք կարող արձանագրված փաստ համարել նվազագույն աշխատավարձի շեմում հենց 68 000 դրամի հաստատումը, քանի որ այդ հարցի շուրջ  դեռ խորհրդարանական լսումներ չեն եղել:

***

Վարչապետի կողմից ներկայացված ցանկում առկա են տնտեսական բլոկին վերաբերող մի շարք ցուցանիշներ, որոնց արժանահավատությունը հնարավոր չէ ստուգել՝ տվյալների անհասանելիության պատճառով:

Աղբյուրը՝ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն