29 սեպտեմբեր, 2019 17:50

Սինգապուրը և Հայաստանը խորը շահ ունեն․ Լի Սյեն Լուն

Մեկնարկել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Երևանում` Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Պաշտոնական դիմավորման արարողությանը հաջորդել է երկու երկրների վարչապետների մամուլի ասուլիսը։

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն ասել է, որ որպես փոքր պետություններ Սինգապուրը և Հայաստանը խորը շահ ունեն, որպեսզի լավագույնս համագործակցեն իրար հետ:

«Հեռավորությունը, այո, գործոն է, բայց հարաբերությունների զարգացման և աճի ներուժը միշտ կա, և ես կարծում եմ, որ մենք շատ բան կարող ենք անել դա ամրապնդելու համար: Երբ վարչապետն այցելեց Սինգապուր, մենք ստորագրեցինք որոշ համաձայնագրեր և համագործակցության հուշագրեր երկու պետությունների միջև. եղել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիր, ունենք կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրեր, համագործակցում ենք տեխնիկական և մասնագիտական կրթության ոլորտում: Սրանք գործնական քայլեր են, որոնք մենք երկկողմանիորեն կարող ենք անել, որպեսզի խթանենք երկու պետությունների միջև համագործակությունը: Տարածաշրջանների մակարդակով, սակայն, Սինգապուրն ԱՍԵԱՆ-ից է, Հայաստանը ԵԱՏՄ-ի մաս է։ Ես կարծում եմ՝ միասին կարող ենք աշխատել մեր տարածաշրջաններում, որպեսզի խորացնենք նրանց միջև կապերը: Սինգապուրի ազատ առևտրի համաձայնագիրը ԵԱՏՄ-ի հետ, որը ստորագրում ենք երեքշաբթի, և ծառայությունների և ներդրումների համաձայնագիրը Հայաստանի հետ, որը ստորագրելու ենք նույնպես երեքշաբթի օրը, կարծում եմ օգտակար կլինեն և՛ Սինգապուրի և՛ Հայաստանի համար: Երրորդը՝ մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, օրինակ՝ ՄԱԿ-ում: Հայաստանը փոքր պետությունների ֆորումի՝ (FOSS) անդամ է, 100-ից ավելի ենք մենք այդ կառույցում: Մենք աշխատում ենք միասին ՄԱԿ-ում, որպեսզի առաջ տանենք մեր շահերը, մեր ձայնը լսելի դարձնենք, որպեսզի միջազգային համայնքում, որտեղ շատ պետություններ շատ ավելի մեծ են մեզնից, մենք կարողանանք, այնուհանդերձ, մեր շահերը պաշտպանել և առաջ մղել մեր երկուսիս մտահոգող հարցերը»,- ասել է Սինգապուրի վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ նման այցերը կրճատում են հեռավորությունը, որ գոյություն ունի երկու երկրների միջև, մանավանդ 21-րդ դարում:

«Կարող եմ վստահաբար ասել, որ այս այցերի արդյունքում Սինգապուրը և Հայաստանն ավելի են մոտեցել իրար, և սա շատ լավ հենք է ստեղծում: Մանավանդ, օրինակ, տուրիզմի առումով՝ ինչքան երկիրը հեռու է, այնքան ավելի հետաքրքիր է տուրիստի համար, որովհետև նոր զգացողություններ և նոր տեսադաշտ է բացում: Ես, օրինակ, կցանկանամ, որ հնարավորինս մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ լինեն Սինգապուրում, տեսնեն Սինգապուրը, զգան Սինգապուրը և կցանկանամ, որ ավելի մեծ թվով Սինգապուրի քաղաքացիներ լինեն Հայաստանում, տեսնեն մեր երկիրը, զգան մեր երկիրը, մանավանդ, ինչպես պարոն վարչապետն ասաց, արդեն իսկ որոշակի ընկալում Հայաստանի մասին Սինգապուրում կա, և Սինգապուրի ազգային խորհրդանիշը որոշակի առնչություններ ունի հայ ժողովրդի հետ: Էլ չեմ ասում, որ 21-րդ դարում տարածությունը կրճատելու շատ կարևոր գործիք կա, և դա համագործակցությունն է տեխնոլոգիական ոլորտում: Ուրախ եմ, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք պիտի համագործակցենք, և այստեղ նույնպես հսկայական ներուժ կա: Եվ ես հավատում եմ, որ մեր փոխադարձ ջանքերով մենք կկարողանանք կրճատել այն տարածությունը, որ գոյություն ունի Սինգապուրի և Հայաստանի միջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տե՛ս նաև՝ 

Հայաստանի և Սինգապուրի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի մամուլի համատեղ ասուլիսը