30 սեպտեմբեր, 2019 09:24

Սեպտեմբերի 30-ին Հայաստան կայցելի Իրանի նախագահը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստան կայցելի Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Իրանի նախագահական գրասենյակի ներկայացուցիչներից Փարվիզ Էսմայելին հայտնել է, որ Ռոհանին մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին։

Նա հավելել է, որ բացի գագաթաժողովին ելույթ ունենալուց նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվելու Երևանի և Թեհրանի հարաբերություններին։

Ռոհանին նաև առանձնազրույցներ է ունենալու գագաթաժողովի մասնակից այլ առաջնորդների հետ։

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով: