2 հոկտեմբեր, 2019 16:42

ԲՀԿ-ն չի մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը․ այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել: Նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Նայելով հիմնական դրույթները, թղթերը՝ տեսնում ենք, որ կան ժամկետների խախտումներ։ Բացի դա, ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ՝ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,- ասաց Ծառուկյանը։

Հարցին՝ Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Ծառուկյանը պատասխանեց, որ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի սկզբին մեկնարկող լիագումար նիստում: Գործընթացը նախաձեռնել է «Իմ քայլը» խմբակցությունը։