4 հոկտեմբեր, 2019 14:10

Հայաստանի անվտանգության երեք հիմնական սպառնալիքները․ Բենիամին Պողոսյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում նշել է Հայաստանի անվտանգությանը սպառնացող երեք հիմնական վտանգները։ Ըստ նրա՝ այդ վտանգներն են. 

1․ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և բնակչության ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգը

Ադրբեջանի իշխանությունները հրապարակային հայտարարել և շարունակում են հայտարարել, որ իրենք իրենց իրավունք են վերապահում ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողություններ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Հասկանալի է՝ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տեսակտեից՝ միանշանակ Արցախի հայաթափում և Արցախի կորուստ։

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության  պաշտպանության խնդիրը

Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Հայաստանի տարածքի զգալի մասը «ադրբեջանական պատմական հողեր» են։ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ իրենք մշակել են ռազմավարություն՝ ապահովելու ադրբեջանցիների վերադարձը իրենց «պատմական հայրենիք», այսինքն՝ Հայաստանի Հանրապետության զգալի հատված՝ ներառյալ Երևանը։ Եվ ես չեմ կարծում, որ սա արվում է զուտ ներքին լսարանի քարոզչական հայտարարությունների համար։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար Արցախյան խնդրի կամ Հայաստանի հետ հարաբերությունների լավագույն լուծումը ոչ միայն Արցախի վերադարձն է, այլև ցամաքային կապի հաստատումը Նախիջևանի հետ։

3․ ԱՄՆ-Իրան, Իսրայել-Իրան հարաբերությունների՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների հանգեցնելը

Եթե ռազմական գործողությունները լինեն կարճաժամկետ՝ թիրախայաին հատվածներ՝ Իրանի որոշակի օբյեկտների՝ ռազմական կամ նավթային, դա Հայաստանի համար կունենա բացասական, բայց ոչ կատաստրոֆիկ հետևանք։ Սակայն, եթե լինեն երկարատև ռազմական գործողություններ,- որոնց հավանականությունը, բարեբախտաբար, չափազանց փոքր է,- սակայն եթե լինեն, և Իրանում ստեղծվի ներքին անկայուն իրավիճակ, ապա դա էականորեն կարող է սպառնալ մեր և Արցախի Հանրապետության անվտանգությանը, որովհետև՝ նախ կարող են լինել հարյուր հազարավոր փախստականներ, որոնք առաջին հերթին կարող են հայտնվել Արցախի Հանրապետության տարածքում՝ հատելով մոտ հարյուր կիլոմետրանոց սահմանը, իսկ մենք բոլորս գիտենք, որ սահմանի այն կողմում հիմնականում ապրում են էթնիկ ադրբեջանցիներ։ Կարելի է հասկանալ՝ եթե օրինակ թեկուզ երկու հարյուր հազար էթնիկ ադրբեջանցի որպես փախստական հայտնվի Արցախի Հանրապետության տարածքում, ապա նրանք կդառնան բնակչության մեծամասնություն, էլ չեմ խոսում տնտեսական և այլ խնդիրների մասին։ 

Բացի այդ, ներքին անկայունությունը կարող է բերել տրանսպորտային ուղիների կաթվածահար լինելուն և դադարեցմանը։ Այդ դեպքում Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապվելու միակ հույսը կլինի Վրաստանը, ինչը, իհարկե, ծայրահեղ անբարենպաստ սցենար է։ Բայց բարեբախտաբար, Իրանի դեմ երկարաժամկետ ռազմական գործողությունների սցենարի հավանականությունը չափազանց փոքր է։

Լուսինե Վարդանյան