4 հոկտեմբեր, 2019 10:25

Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան․ Ալիևը՝ Սոչիում

«Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»․ հոկտեմբերի 3-ին Սոչիում «Վալդայ» միջազգային ակումբի հերթական նիստի շրջանակում իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես բոլոր միջազգային հարթակներում, այնպես էլ երեկվա ելույթում Ադրբեջանի ղեկավարը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի չորս բանաձևերից, որոնք «չեն կատարվում»։

Նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։

«Ղարաբաղը պատմականորեն ադրբեջանական տարածք է։ Այնպես որ՝ Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,- ասել է Ալիևը։

Օգոստոսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Փաշինյանի հայտարարությանը երեկ Սոչիում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսմանը։

Նույն օրը Սոչիում տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ստելլա Մեհրաբեկյան