7 հոկտեմբեր, 2019 17:56

Սահմանադրական դատարան. հանցագործությունների պատմություն

Եթե ասեմ, որ Սահմանադրական դատարանը ստեղծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար, ուղղակի չեք հավատա:

Մի՛ հավատացեք, բայց եթե ժամանակ ունեք, կարդացեք այս կարճ փաստագրությունը:

1996-ի սեպտեմբերյան նախագահական աղմկալի ընտրություններից հետո նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանը և Աշոտ Մանուչարյանը նույն 1996-ին ստեղծված Սահմանադրական դատարանից պահանջեցին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: ՍԴ-ն մերժեց դիմումը:

1996-ից մինչև 2018 ՍԴ նախագահը Գագիկ Հարությունյանն էր՝ նախկին կոմունիստ, որը դարձավ ՀՀՇ-ական և 1991-1996 թթ. Հայաստանի փոխնախագահն էր (Հայաստանում փոխնախագահի պաշտոն եղել է միայն 1991-1996 թթ):

1997թ. Մարտին, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշանակեց Հայաստանի վարչապետ, իրավական հարց առաջ չեկավ` չճանաչված, բայց անկախություն հռչակած ԼՂՀ քաղաքացին կարո՞ղ է դառնալ Հայաստանի կառավարության ղեկավար: 1995թ. ընդունված Սահմանադրությունը վարչապետի քաղաքացիության հետ կապված ոչ մի պահանջ չէր դնում: Նախագահի դեպքում այլ էր: Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն, նախագահ կարող էր դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

1998թ. փետրվարի 17-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեց Կարեն Դեմիրճյանը: Սոցիալիստների առաջնորդ Մովսես Շահվերդյանը կուսակցության անունից դեմ արտահայտվեց Քոչարյանի առաջադրմանը, քանի որ եթե նրան թույլատրվում է գրանցվել և մասնակցել ընտրություններին, ապա ԼՂ մյուս բնակիչներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցելու, մինչդեռ հայտնի է, որ 1995թ. խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին, 1996թ. նախագահական ընտրություններին Արցախի բնակչությունը չէր մասնակցել:

Հայաստանի արդարադատությունը, սակայն, այլ որոշում ընդունեց: Հայտարարվեց, որ Քոչարյանի` նախագահության թեկնածու առաջադրվելու համոզիչ իրավական դաշտ կա. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված համատեղ որոշման երրորդ հոդվածով հռչակվել է Հայկ. ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Որոշման նույն կետով սահմանվել էր, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկ. ԽՍՀ քաղաքացու իրավունքները: Այս որոշումը վերացված չէր, ավելին` Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր` հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման վրա:

Պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը տակավին 1991թ., իսկ Քոչարյանը ԼՂ քաղաքացի է, չեզոքացվում էր հակափաստարկով` ոչ մի պետություն, այդ թվում և Հայաստանը, չեն ճանաչել այդ անկախությունը:

Այսպես, Սահմանադրական դատարանն ու նրա նախագահ Գագիկ Հարությունյանը որոշեցին, որ Քոչարյանը իրավունք ունի մասնակցել Հայաստանի նախագահական ընտրություններին:

Քոչարյանի մրցակից Դեմիրճյանը ընտրություններից հետո, որոնք անցան երկու փուլով, հայտարարեց, որ նա անարդար ճանապարհով է ընտրվել, սակայն չդիմեց Սահմանադրական դատարան:

Հայաստանի նախագահական ընտրությունների պատմության մեջ սա միակ դեպքն էր, երբ ընտրություններում երկրորդը ճանաչված թեկնածուն Սահմանադրական դատարանում չի վիճարկում դրանց արդյունքները:

Հետագա պատմությունը ցույց տվեց, որ Դեմիրճյանը խոհեմ է եղել, հասկանալով, որ Սահմանդրական դատարանը իշխանությունների ոչ թե առանձին ճյուղ է, այլ ընտրակեղծարարությունը օրինականացնող մարմին, եթե կուզեք՝ օրվա իշխանության հլու-հպատակը:

2003-ի նախագահական ընտրություններում տեղ գտած ապօրինությունները համատարած էին և աղաղակող: Այդ ապօրինությունները շարժեցին անգամ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գութը: Երբ Ստեփան Դեմիրճյանը դիմեց ՍԴ, իսկ նրա կողմնակիցները շուրջօրյա մարդաշատ հանրահավաքներ էին անցկացնում, ՍԴ-ն որոշեց, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացնել վստահության հանրաքվե:

Այդ հանրաքվեն այդպես էլ չկայացավ, իսկ Քոչարյանը ուժայինների և օլիգարխիայի միջոցով էլ ավելի ամրապնդեց իր իշխանությունը:

Սահմանադրական դատարանը օրինական ճանաչեց նաև 2008-ի և 2013-ի Սերժ Սարգսյանի ընտրությունը:

Այս ամենը արվել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար, և դա արվել է Գագիկ Հարությունյանի և նրա դատարանի որոշումով:

2015 թվականի Սահմանադրական փոփոխությունները, որոնք ընդունվեցին աղաղակող ու համատարած կեղծիքներով, ՍԴ-ն ևս համարեց օրինական:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Գագիկ Հարությունյանի համեմատ անմեղ գառ է ու մի քիչ էլ՝ դժբախտ, ավելի ճիշտ՝ դժբախտ ժամանակների մարդ է:

Գագիկ Հարությունյանի ժամանակ ամեն բան կայուն էր: Իշխանությունները հանգիստ կեղծում էին ընտրությունները, իսկ ՍԴ-ն նույնքան հանգիստ դրանք համարում էր օրինական:

Սկզբնական շրջում, երբ այն օրվա իշխող Հանրապետական կուսակցության անդամ (ավելի վաղ՝ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԺԿ-ի, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ժառանգության անդամ, այսօր՝ անկուսակցական) Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի որոշումով դարձավ Սահմանադրական դատարանի նախագահ, էլի ամեն բան կայուն էր թվում, առավել քան կայուն: Թովմասյանն ու ընկերները նոր Սահմանդրություն գրեցին Հայաստանի, ապա Արցախի համար, որպեսզի Հայաստանում Սերժ Սարգսյանը, իսկ Արցախում Բակո Սահակյանը իշխանության մնան այնքան, որքան ուզում են:

Դրա գինը Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնը նվիրելն էր, որը տեղի ունեցավ 2018-ի մարտի 21-ին: Երբ ասում եմ, որ Թովմասյանը դժբախտ է, այ հենց սրա համար եմ ասում: Մեկ ամիս անց Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն:

Դատական համակարգը մնաց և այսօր էլ մասամբ շարունակում է մնալ նախկինների՝ Քոչարյանի և Սարգսյանի ուղղակի վերահսկողության տակ: Թովմասյանն անկեղծ չէ, երբ ասում է, որ ինքը Սահմանադրությունն է պաշտպանում, ինչպես զինվորն է պաշտպանում հայրենիքը: 

Պատերազմի վարձկանները, անգամ ահաբեկիչներն են իրենց արարքը պատում հայրենասիրական քողով:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: