8 հոկտեմբեր, 2019 14:23

Թուրքիան 1993-ի աշնանը Հայաստան ներխուժելու հարմար պահ և առիթ էր փնտրում

Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր Թուրքիան է և թուրքական զորքերի հավանական ներխուժումը Սիրիայի Քրդստան։ Թուրքական զորքերը Երկրորդ աշխարհամարտից առաջ զավթել են Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, այսօրվա Հաթայը, 1970-ական թթ․ Կիպրոսի մեկ երրորդից ավելին, 90-ական թթ ներխուժումներ են կատարել Իրաք, ներխուժման սպառնալիքի տակ պահել Հայաստանը 1993-ի հոկտեմբերին, իսկ նախկին մի քանի տարիներին ներխուժել և հաստատվել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հիշեցնում է, թե ինչ հանգամանքներում և ինչպես էր Թուրքիան նախապատրաստվում անցնել Ախուրյանը։

1993թ. ամռանը, երբ արցախյան ուժերը մտան Աղդամ, Թուրքիայի նախագահ Սուլեյման  Դեմիրելի մասնակցությամբ տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ավարտին լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Հիքմեթ Չեթինն ասաց, որ հայերը` օգտվելով Ադրբեջանի ներքին անկայունությունից, նոր տարածքներ են գրավում: Հայերը չեն կարող այդ տարածքները պահել և դրա դիմաց Հայաստանը շատ թանկ գին է վճարելու, հայտարարեց նա:

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր ծավալներ էր ընդունում: Հունիսի կեսերին Ադրբեջանում նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը հեռացվեց իշխանությունից: Նրա տեղը զբաղեցրեց Հեյդար Ալիևը:

1993 թ. հուլիսի 20-ին Բաքու էր ժամանել թուրք կամավորների մի մեծ խումբ, որի մի մասն իսկույն ուղարկվել էր Աղդամի ռազմաճակատ: Կամավորական խմբի ղեկավարներից Քեմալ Չաքըրը «Հյուրիյեթ»-ին ասել է. «Մենք չկարողացանք համակերպվել այն մտքի հետ, որ մեր պապենական հողերը անցնում են հայերի ձեռքը: Մենք չէինք կարող տանը նստել, երբ մեր ազերի եղբայրները զոհվում են ռազմաճակատում»:

Նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթը պահանջում էր, որ թուրքական կազմավորումները օդային գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք բացելու նպատակով: Էջևիթը ասել է. «Թուրքիան ի վիճակի է նման միջանցք բացել առանց զոհերի` օդային գործողությունների միջոցով: Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները Ղարաբաղում: Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»:

Թուրքիայի նախագահ Դեմիրելը նշում էր. «Թուրքիան չի խրվի պատերազմի մեջ, որ փրկի Ադրբեջանին: Հայաստանին Ադրբեջանի ժողովուրդն ինքը պետք է հակահարված տա: Եթե Թուրքիան դիմի դրան, ապա Հայաստանի կողմում հանդես կգա Ռուսաստանը, իսկ դա բնավ չի համապատասխանում Թուրքիայի շահերին»։

1993թ. օգոստոսին «Մայր հայրենիք» կուսակցության պատգամավորները կառավարությունից պահանջեցին ռազմական միջամտություն: «Հուրիյեթը» գրեց, որ հայկական սահմանի մոտ տեղակայվել են 50 հազար թուրքական զորքեր: Ռոյթերը և Սինհուան հաղորդեցին, որ թուրքական զինված ուժերը զգաստ դրության մեջ են և պատրաստ են նետվել մարտի, իսկ թուրքական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանների մոտակայքում:

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից կրակ է բացվում Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ: Հայաստանում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերի պետ գեներալ մայոր Ալեքսանդր Բաբենկոն հայտարարում է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերի ղեկավարությունը մտահոգված է հայ-թուրքական սահմանում թուրքական բանակի զրահատեխնիկայով և հրետանիով լրացուցիչ ստորաբաժանումների ներկայությամբ, որոնք իրականացնում են տեղանքի ինժեներական վերակառուցումը: Սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ղեկավարությունը հետևում է սահմանում տիրող իրավիճակին և միջոցներ ձեռնարկում թույլ չտալու կոնֆլիկտային իրավիճակներ` համաձայն 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի:

Վարչապետ Թանսու Չիլլերը սպառնաց, որ այն դեպքում, երբ հայերը կպչեն Նախիջևանին, ինքը կդիմի խորհրդարանին` պատերազմի թույլտվություն ստանալու ակնկալիքով:

Հրավիրվում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ: Սեպտեմբերի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյան- Սուլեյման Դեմիրել հեռախոսազրույցում քննարկվում է հայ-թուրքական սահմաններում նկատվող թուրքական զորքերի կուտակումների խնդիրը:

Սեպտեմբերի 13-ին թուրքական ռազմական մի ինքնաթիռ հետախուզական թռիչքներ կատարեց հայ-թուրքական սահմանի երկայնքով` Արմավիրի հատվածում: Հրազենից երկու անգամ կրակ բացվեց Հայաստանի ուղղությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ապահովում էր Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանների անձեռնամխելությունն ու անվտանգությունը: Սեպտեմբերի 15-ին կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Տեր-Պետրոսյանը հանդիպեց Ելցինի հետ: Նույն օրը Հայաստանի նախագահը և պետնախարար Վազգեն Սարգսյանը հանդիպեցին Գրաչովի հետ:

Այդ օրերին արտգործնախարար Վահան Փափազյանը դժվարանում է ասել Թուրքիայի` Հայաստանի հանդեպ ձեռնարկելիք ծրագրերի ու նրանց նպատակների մասին․ «Մեր կողմը դիտարկում էր թուրքական զինուժի տեղաշարժ ու մոտեցում Հայաստանի սահմանին: Շատ լուրջ էինք ընդունում, որ կա իրական վտանգ: Տեր-Պետրոսյանը Ելցինի հետ խոսել էր և ասել, որ Հայաստանը լուրջ վտանգ է տեսնում և ուզում ենք, որ ռուսական կողմը հստակ իր դիրքորոշումը արտահայտի:  Բացի դրանից, մինչ այդ եղել էր նաև Օզալի անզուսպ հայտարարությունը Երևանի վրա մեկ-երկու ռումբ գցելու մասին: Ես չգիտեմ, եթե չլիներ Շապոշնիկովի հայտնի հայտարարությունը, ապա թուրքերի քայլերը ինչպիսին կլինեին: Բայց մենք թուրքական վտանգը բավական լուրջ էինք ընկալում»։

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններ է մեկնում Երևանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանս դ’ Արթինգը, որին առավելապես հետաքրքրում էր հայ-թուրքական սահմանը` ինչպես Հայաստանը Թուրքիային միացնող հաղորդակցության ուղիները, այնպես էլ Հայաստանի սահմանների ուղղությամբ թուրքական բանակի զորաշարժը:

Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսն իր հուշերում գրում է, որ 1993թ. Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Հայաստան: 1993թ. սեպտեմբերին նախագահ Ելցինը լուծարեց Ռուսաստանի խորհրդարանը: Ի պատասխան` վերջինս պաշտոնազրկեց նախագահին: Արդյունքում ստեղծված պատային իրավիճակը հոկտեմբերի 3-ին վերաճեց արյունահեղ բախման: Խորհրդարանի նախագահ Ռուսլան Խասբուլատովը նախապես գաղտնի համաձայնության էր եկել վարչապետ Չիլլերի հետ: Եթե Խասբուլատովին հաջողվեր դիմակայել Ելցինին, ապա նա ռուսական սահմանապահ զորքերին հանելու էր Կովկասից և Թուրքիային թույլ էր տալու սահմանափակ ներխուժումներ իրականացնել Հայաստանում` պատրվակելով քրդական հարցը:

Պաշտոնական Անկարան Երևանի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով շրջանառության մեջ էր դրել, թե իբր Հայաստանը համագործակցում է Քուրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) գրոհայինների հետ: Չիլլերը քրդերին օժանդակելու մեջ մեղադրել էր Իրաքին, Իրանին, Սիրիային և Հայաստանին:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները որևէ կապ չունեն ՔԲԿ-ի հետ և Երևանում այդ կազմակերպության գրասենյակ գոյություն չունի: Թուրքական լրատվամիջոցները, կառավարության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում` ներքգործնախարար Մեհմեթ Գազիօղլուն պարբերաբար անդրադարձել են Հայաստանի իշխանությունների և ՔԲԿ-ի միջև իբր գոյություն ունեցող կապերին: Նման հերյուրանքների միջոցով, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը, Թուրքիայի իշխանական որոշ շրջանակներ փորձում են հակահայ տրամադրություններ սերմանել թուրքական հասարակական կարծիքի մեջ, վարկաբեկել Հայաստանը միջազգային ասպարեզում, ինչպես նաև խոչընդոտել Հայաստանի ու Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

Խրիզանթոպուլոսը վկայակոչել է թուրքական բանակի տեղաշարժերը սահմանային գծում և Իրաքի վրա հարձակումը 1993թ. հոկտեմբերին: Հայաստանի վրա Թուրքիայի հավանական հարձակման գաղտնի տեղեկությունը նա ստացել էր Երևանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններ Ֆրանս դ’ Արտինգից ու Հարրի Գիլմորից: Զարմանալի է, որ թուրքական վտանգի մասին իր հուշերում չի հիշատակել Երևանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, ով մանրամասնորեն է ներկայացնում 1992-1994 թթ. Հայաստանը:

Խրիզանթոպուլոսը գրում է, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են թուրքական սպառնալիքի մասին, և երկրի Անվտանգության խորհուրդը զորքերը բարձր մարտական պատրաստության է փոխադրել: Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչության պետ (1993-1994թթ.), գեներալ մայոր Էդուարդ Սիմոնյանցը հաստատել է Խրիզանթոպուլոսի պնդումները: «Տարբեր ուղղություններով Հայաստանի տարածք թուրքական զորքերի ներխուժման իրական սպառնալիք եղել է մի քանի անգամ, այդ թվում և այն դրվագում, որի մասին խոսում է Հունաստանի նախկին դեսպանը: Թուրքական զորքերի Հայաստան ներխուժման հնարավորության տեղեկատվությունը մեզ մոտ ստացվում էր ոչ միայն դիվանագիտական աղբյուրներից: Անվտանգության խորհրդի որոշմամբ ձեռնարկվեցին համապատասխան միջոցներ: Բուն ներխուժումն այդպես էլ տեղի չունեցավ: Տեղ գտան իրական սպառնալիքներ, ընդհուպ թուրքական բանակը վերատեղաբաշխվեց Հայաստանի հետ սահմանում, հիմնվեցին դաշտային շտաբներ, զորքերը համալրվեցին և՛ անձնակազմով, և՛ տեխնիկայով, և՛ սպառազինություններով»։

Մինչ թուրքական կողմը 1993թ. երկրորդ կեսին հարմար առիթի էր սպասում` ներխուժումներ կատարելու Հայաստան, ղարաբաղյան պատերազմում հայկական ուժերը, դուրս գալով նախկին ԼՂԻՄ սահմաններից, առաջ էին շարժվում արևելյան, հարավային և հյուսիսային ուղղություններով:

Տեր-Պետրոսյանը 1993-ի դեկտեմբերի 24-ին հայտարարեց. «Ադրբեջանի ղեկավարությունը մերժեց հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախաձեռնությունները: Այս ամենը, ի թիվս աֆղանցի մոջահեդների և թուրք զինվորականների` մարտական գործողություններում ադրբեջանական բանակի կազմում մասնակցության փաստերի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը հույսը դնում է միայն ռազմական լուծման վրա, և նրա ղեկավարության քաղաքականությունն ուղղված է առճակատումը ընդարձակելուն և նրանում այլ պետությունների ներքաշելուն»։

Թաթուլ Հակոբյան

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: