8 հոկտեմբեր, 2019 10:30

Հայաստանի Թավշյա հեղափոխությունը մեծ պատուհան է բացել Արցախում․ Տիգրան Գրիգորյան

Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության Հադրութի տարածքային կառույցը ԱՎԿ կողմից Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք դա նախագահի թեկնածուի առաջադրման առաջին քա՞յլն է․ Ազգային վերածնունդ կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը ՍիվիլՆեթին պարզաբանել է այս և այլ հարցեր։

- Սա կուսակցական ընթացակարգ է, որը բխում է ԱՎԿ կանոնադրության պահանջներից: Մինչև նոյեմբերի վերջ տեղի են ունենալու տարածքային կառույցների ժողովներ, որոնք առաջարկելու են նախագահի թեկնածու և համամասնական ցուցակի անդամներ: Նախագահի թեկնածուի և համամասնական ցուցակի վերաբերյալ որոշումը կայացվելու է համապետական ընտրություններից առաջ անցկացվելիք կուսակցության համագումարի ժամանակ:

- Ինչու՞ եք որոշել գնալ սեփական թեկնածուով, այլ չաջակցել այլ հնարավոր թեկնածուների։

- Մենք կարծում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը հնարավորությունների մեծ պատուհան է բացել Արցախում  ժողովրդավարական անցում կատարելու ու համակարգային փոփոխություններ իրականացնելու համար: Այդ առումով կարևոր է ունենալ նախագահի այնպիսի թեկնածու, որը որևէ կերպ չի համագործակցել ԼՂՀ իշխող էլիտայի հետ, դրա մաս չի եղել, ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի մասնակցել 2017 թվականին տեղի ունեցած «սահմանադրական հեղաշրջմանը», որի նպատակը Բակո Սահակյանի իշխանության հարատևումն էր: Մենք գտնում ենք, որ եթե ընտրութունը պիտի կատարվի իշխանության մեջ գտնվող կամ իշխանության արբանյակ հանիդասացող գործիչներից, ապա դա ընտրություն չէ, այլ ընտրության պատրանք: Չարյաց փոքրագույնի, վատի ու վատագույնի միջև ընտրելու ժամանակները անցել են: Արցախի ժողովուրդը երկրում ոչ թե կոսմետիկ, այլ իրական փոփոխություններ է ակնկալում: Մեր թեկնածուն իրական փոփոխությունների թեկնածուն է: 

- Ի՞նչ շանսեր եք տեսնում նախագահական ընտրություններին ձեր թեկնածուի համար:

- Այս փուլում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ հաջողության շանսերը օրեցօր մեծանան: Արցախում կան փոփոխությունների ձգտող մեծ թվով մարդիկ: Հաջողությունը կախված է լինելու այդ մարդկանց համախմբելու ունակությունից:

Մարիա Եղիազարյան