9 հոկտեմբեր, 2019 12:27

Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արձագանքել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։ 

«Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:

Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ:

Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»,- գրել է Արմեն Գրիգորյանը:

Livenews.am-ի հետ հարցազրույցում Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին եւ այժմ տարվող քաղաքականությանը, ասել է, որ «դա հեղափոխություն չէր, դա իշխանության բռնազավթում էր»։

«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»,- հայտարարել է Բալասանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռեր» խմբի մասին։