10 հոկտեմբեր, 2019 09:47

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։

«Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:

Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։

Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

***

Քրդական ANF գործակալությունը ուղիղ ռեժիմով ներկայացնում է թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Գործակալությունը նշում է, որ գնդակոծությունների թիրախում խաղաղ բնակչությունն է. կան զոհեր և վիրավորներ։  

Քամիշլիի հրթիռակոծության մասին տեղեկություններ է հաղորդում «Արևելք» կայքը։

Ստելլա Մեհրաբեկյան