10 հոկտեմբեր, 2019 11:31

Փաշինյանը Թուրքիայի գործողությունը Սիրիայում որակում է ապօրինի  

«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը»․ այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջաններ։

«Մենք մտահոգված ենք այս իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ այդ գործողությունը ավելի կխորոցնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը»,- ասաց Փաշինյանը։

Նա կոչ արեց միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը Սիրիայի տարածքում իրականացնում է մարդասիրական առաքելություն, որը շարունակելու է իրականացնել։

«Կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում կքննարկենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումներն ու մեր դիրքորոշումները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Թուրքական ուժերի Սիրիա ներխուժումը դատապարտել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը։

Գեղեցիկ Ոսկանյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի