11 հոկտեմբեր, 2019 12:49

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)  հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին առաջադրված մեղադրանքի փոփոխման ու լրացման առնչությամբ: Արա Վարդանյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ ԱԱԾ հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 08.10.2019թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանի Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։

Համաձայն փաստական տվյալների` նա, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր:

2019 թվականի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, մեղադրյալի նկատմամբ նախկինում որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է՝ նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս օգտվել պաշտոնական աղբյուրից՝ ստացված տեղեկությունների արժանահավատությունը ճշտելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

***

Քրեական օրենսգիրք

Հոդված 214

Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը

1. Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 179.

Յուրացնելը կամ վատնելը

1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) խոշոր չափերով,

4) (4-րդ մասն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(179-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 24.12.04 ՀՕ-67-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., խմբ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը
 

Հոդված 325.

Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը

1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

(325-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)