11 հոկտեմբեր, 2019 10:05

Մնացականյանն ու Լավրովը Աշխաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի եզրույթներում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: 

«Երկուստեք կարևորվեց բարձր մակարդակում ծավալվող ինտենսիվ երկխոսությունը, և անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցություններին: 

«Գոհացնող է մեր երկխոսության, մեր փոխհարաբերությունների բարձր մակարդակը, մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով անդրադառնալու այդ ինտեգրացիոն հարթակի հետագա զարգացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգային, բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներում համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ: 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին՝ Թուրքիայի գործողություններով պայմանավորված զարգացումները:

Հանդիպմանն արծարծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն